Логотип

Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների ՀՀ հետ երկխոսության. ակցիա կառավարության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՅԴ երիտասարդական միությունը կառավարության շենքի դիմաց ակցիա էր իրականացնում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ Հայաստան ժամանելու հետ կապված։ Երիտասարդների ձեռքում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներ էին, «Ոչ ուրացմանը» պաստառներ։ Մասնակիցները ելույթ ունեցան նաև անգլերենով։

«Այսօր Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման անվան տակ։ Սակայն բոլորս լավ հասկանում ենք, որ այս հանդիպումը թուրքական կողմի նախապայմանների բավարարման համատեքստում է։ Դրա վառ ապացույց է ՀՀ կառավարության կողմից այցի ժամանակացույցը և օրակարգը գաղտնի պահելը»,– նշեցին մասնակիցները։

Նրանք հայտարարեցին, որ կառավարության մոտ են, որպեսզի իշխանությունը հայտնեն` դեմ են հայ-թուրքական հարաբերությունների օրակարգի կայացմանը, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը 100 տարի առաջ և հիմա չի փոխվել։

«Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ երկխոսության։ Թուրքիան ուղղակի մասնակիցն է Հայաստանի ու Արցախի դեմ տեղի ունեցած ագրեսիային, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը սակարկման ենթակա չէ։ ՀՀ-ում կա սերունդ, որ պահանջում է Ցեղասպանության ճանաչում և հատուցում, ուստի ասում են, որ այս իշխանության հետ պայմանավորվածությունները առ ոչինչ են»։

Նրանք չբացառեցին, որ Սերդար Քըլըչն արդեն լքել է Հայաստանը, սակայն նշեցին, որ կառավարության դիմաց են, քանի որ իրենց խոսքի հասցեատերը Հայաստանի իշխանություններն են։

«Իսկ երբ բանագնացը գալիս է Հայաստան, թող ոչ միայն հանդիպի Նիկոլ Փաշինյանի և իր խմբի հետ, այլև հանդիպի հայ ժողովրդի այն հատվածի հետ, որոնք ներկայացնում են իրականությունը։ Մենք այսօր ուզում էինք հանդիպել թուրք բանագնացի հետ ու նրան ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության թանգարան։ Պետք է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների ընտանիքների հետ ծանոթանար»,– հայտարարեց ՀՅԴ Երևանի կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը։

Ակցիային միացել էին նաև ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչներ։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության դիմաց հավաքված երիտասարդները խաղաղություն են ցանկանում, սակայն ոչ Հայաստանի ծնկելու հաշվին։

«Այսօր այստեղ երիտասարդներ են հավաքված, որոնք ասում են՝ մենք չենք ուրանալու Ցեղասպանությունը, մենք չենք ընկրկելու և սակարկելու հայի շահը։ Թույլ չենք տալու նորից ստեն ու ասեն, թե կա խաղաղություն։ Փաշինյանը կրկնակապիտուլյացիա է անում, իսկ ում մոտ հարց է, թե որն է կրկնակապիտուլյացիան, ասում ենք՝ Պրահայում Արցախի ուրացում, հրաժարվելը գերիներից, հայկական սուվերեն տարածքներից»,– ավելացրեց Հենրիխ Դանիելյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան– Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Հայաստան։ Հայաստան-Թուրքիա սահմանին՝ «Մարգարա» անցակետի մոտ Սերդար Քըլըչին դիմավորել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Սերդար Քըլըչն ացելել է նաև ՀՀ ԱԳՆ։ Թե ում է հանդիպել, դեռևս հայտնի չէ` պաշտոնական տեղեկություն չկա։

Sputnik Արմենիա