Логотип

Թուրքիա ժամանած Հռոմի պապը հանդիպել է Էրդողանի հետ և այցելել Աթաթուրքի դամբարան

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վատիկանի ղեկավար Հռոմի պապ Լևոն XIV-ի երկկողմ հանդիպումը, հաղորդում է Anadolu-ն։

Բանակցությունները տեղի են ունեցել նախագահական համալիրում և տևել են մոտ կես ժամ։

Հռոմի պապ Լևոն XIV-ը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։

Անկարայի նախագահական համալիրում տեղի է ունեցել արարողություն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ պատվավոր հյուրին պաշտոնապես դիմավորելու համար։

Երբ առաջնորդները զբաղեցրել են իրենց տեղերը արարողության հարթակում՝ հնչել են երկու երկրների օրհներգերը։

Համալիրում կախված են եղել տասնվեց դրոշ՝ խորհրդանշելով պատմության ընթացքում գոյություն ունեցած թյուրքական պետությունների քանակը։

Հռոմի պապի պատվին արձակվել է քսանմեկ կրակոց։

Լևոն XIV-ը ողջունել է պատվո պահակախմբին։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Լևոն XIV-ը լուսանկարվել են Թուրքիայի և Վատիկանի դրոշների ֆոնին։

Այնուհետև սկսվել է Թուրքիայի նախագահի և Հռոմի պապի երկկողմ հանդիպումը։ Հետո հաջորդել են պատվիրակությունների հետ բանակցությունները։

Թուրքական կողմից պաշտոնական դիմավորման արարողությանը ներկա են եղել փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Հաքքը Սուսմազը, Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դյուրանը, նախագահի անձնական քարտուղարության ղեկավար Հասան Դողանը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը և Անկարայի նահանգապետ Վասիպ Շահինը։

Ավելի վաղ Հռոմի պապին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում: Հարգարժան հյուրին օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը և այլ պաշտոնյաներ:

Այցի շրջանակներում Լևոն XIV-ը այցելեց Քեմալ Աթաթուրքի դամբարանը։

News.am