Պաշտպանական բյուջեի կրճատումը պետք է դիտարկել թուրք–ադրբեջանական պահանջների բավարարման տեսանկյունից. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը` մեկնաբանելով պաշտպանության ծախսերը 2026թ–ի պետական բյուջեի նախագծում կրճատելու` կառավարության որոշումը։
«Եթե այս վարչախումբը շարունակի պաշտոնավարել, հեռու չէ այն օրը, երբ պահանջներ կհնչեն նախորդ տարիներին ձեռք բերված սպառազինությունն ու զինամթերքը վերադարձնել կամ հանձնել իրենց։ Հայաստանի ապառազմականացման պահանջները հնչում են, Հայաստանի դեմիլիտարիզացիայի մասով անհանգստությունները հայտնվում են։ Եվ սա պետք է դիտարկել միայն որպես թուրք–ադրբեջանական պահանջների եթե ոչ բավարարում, ապա հաճոյանալու փորձեր»,– ասում է Քերոբյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ի նիստում կառավարությունը հաստատեց 2026թ–ի պետական բյուջեի նախագիծը, որտեղ պաշտպանության ապահովման ծրագրերին հատկացվել է 563,1 մլրդ դրամ, ինչը 2025թ–ի համեմատ 15,3 %–ով կամ 101,5 մլրդ դրամով պակաս է։
Համեմատության համար Ավետիք Քերոբյանը նշում է, որ այդ գումարով հնարավոր կլիներ ձեռք բերել հակաօդային պաշտպանության ТОР М2 համակարգեր, որոնք զսպող դեր կունենային թուրք–ադրեբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեմ։
Պաշտպանական ծրագրերից բացի 2026թ–ի բյուջեի նախագծով շուրջ 4.9 մլրդ դրամ էլ հատկացվել է ռազմարդյունաբերության համալիրի զարգացման համար`2025–ին հատկացված 5․7 միլիարդ դրամի փոխարեն։
Քերոբյանն արձանագրում է, որ այս տարվա համար նախատեսված 5․7 միլիարդ դրամից ծախսվել է միայն 166 միլիոնը, այն էլ միայն գիտահետազոտական փորձագործական աշխատանքների ուղղությամբ։
«Կառավարությունը ինքն էլ ինքնախոստովանական ցուցմունք է տվել իր կատարողականի զեկույցներում, որ էս ոլորտի ծախսերը վերջին 4,5 տարիների ընթացքում անշեղորեն թերակատարել են, կատարողականը կազմել է 20-30, լավագույն դեպքում 40 %։ Բայց այս տարի, 9 ամսվա դրությամբ, ընդամենը 4 % է կատարողականը»,– ասում է նախկին պաշտոնյան` շեշտելով, որ փաստացի չկատարված աշխատանքի դիմաց մի ամբողջ պետական ապարատ աշխատավարձ ու նույնիսկ պարգևավճարներ է ստանում բյուջեից։
«Փաշինյանն անցած տարի Հայաստան–Սփյուռք համաժողովի ընթացքում ասում էր, որ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ են պլանավորում ստեղծել։ Ո՛չ անունը կա, ո՛չ ամանումը։ Եվ այսօր խաղաղությունը` որպես վիճակ, բերում, փորձում են ներկայացնել որպես անվտանգության գործոն, մինչդեռ հակառակը պետք է լինի։ Իսկ իրականում ի՞նչ են անում։ Իրականում պատերազմով շանտաժ են անում ժողովրդին, ոչ մի այլ բան։Եվ տեսնում ենք, որ ասպես կոչված բարեփոխումները զինված ուժերում կրում են մակերեսային և ձևական բնույթ, ատեստացիայի անվան տակ ազատվում են իրենց ոչ պետքական կադրերից, ոմանց բարձրացումներ, կոչումներ են տալիս՝ ինչ արժանիքների կամ ինչ ձեռքբերումների համար, պարզ չէ»,– նկատում է Քերոբյանը։
Սեպտեմբերի 26-ին, Աժ–ում, պատասխանելով պաշտպանության ծախսերի կրճատման մաին հարցին, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցրել է, որ դա չի անդրադառնա արդեն իսկ մեկնարկած ծրագրերի վրա։
Արձագանքելով փոխնախարարի հայտարարությանը` Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահը իր եզրահանգումն է անում. «Փոխնախարարի խոսքից կարող ենք մենակ մի բան եզրակացնել, որ ոչ մի բարեփոխում իրականում տեղի չի ունենում, այլապես ցանկացած բյուջեի ցանկացած կրճատում բանակում էդ բարեփոխումների ընթացքի վրա պետք է ազդեր, հատկապես, որ իրենք հայտարարում են, որ այդ բարեփոխումները «մասշտաբային» և «դարակազմիկ» են»։
Հիշեցնեք, որ սեպտեմբերի 10–ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ 2025 թվականին` 2024–ի համեմատ, ՀՀ պաշտպանական ոլորտում շատ էական ու կտրուկ աճ ենք ունեցել` անհամաչափ աճ` 115 մլրդ դրամի չափով, որը հիմնականում պայմանավորված է եղել հրատապ կարիքներով։ Փաշինյանի խոսքով` այդ ծախսերի մի մասը ՀՀ կառավարությունն ուղղել է պարտքերի ու պարտավորությունների մարմանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում։