Հայաստանի կենտրոնական բանկը թվային խարդախության դեպքերի աճ է արձանագրում, որոնք կապված են մեսենջերներում, մասնավորապես WhatsApp-ում տվյալները «կոտրելու» և հափշտակելու հետ։ Այս մասին ասվում է կարգավորող մարմնի պարզաբանման մեջ, որը տրամադրվել է Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ կապված հաշիվների արգելափակման նոր գործիքի հետ, որը հասանելի կդառնա հուլիսի 1-ից։
Կենտրոնական բանկից նշել են, որ թեև օտարերկրյա համարներից զանգերի միջոցով իրականացվող սխեմաներն ակտիվորեն քննարկվում են, սակայն նման միջադեպերի զգալի աճ չի նկատվում։ Հիմնական աճը գրանցվում է մեսենջերներում իրականացվող խարդախությունների հաշվին։
Խարդախության դեպքերի ընդհանուր դինամիկան պայմանավորված է ոչ թե առանձին սխեմաներով, այլ մի շարք գործոնների համակցությամբ, ներառյալ թվային բանկային ծառայությունների ընդլայնումը և խաբեության նորանոր ձևերի առաջացումը։
Կենտրոնական բանկն ավելի վաղ դիմել էր խոշոր սոցիալական ցանցերին՝ կոչ անելով ուժեղացնել կասկածելի ֆինանսական հայտարարությունների և հղումների ֆիլտրումը։ Կարգավորող մարմնի գնահատմամբ՝ այս ուղղությամբ դեռևս էական առաջընթաց չկա։
Մի շարք բանկեր և վարկային կազմակերպություններ արդեն սկսել են արգելափակման գործիքների փորձարկումն ու ներդրումը։ Հուլիսի 1-ից դրանց կիրառումը կդառնա պարտադիր. համապատասխան գործառույթները պետք է հասանելի լինեն ինչպես բջջային հավելվածներում և կայքերում, այնպես էլ բանկի մասնաճյուղ այցելելու դեպքում։ Այս միջոցառումների ներդրումը թույլ կտա բարձրացնել պաշտպանվածության մակարդակը, այդ թվում՝ տարեց քաղաքացիների համար, որոնք չեն օգտվում առցանց ծառայություններից։
Հաշվի ապաարգելափակման գործընթացը հնարավոր կլինի հաճախորդի պատշաճ նույնականացումից հետո, այդ թվում՝ այն դեպքերում, երբ արգելափակումը նախաձեռնել են չարագործները, օրինակ՝ շանտաժի նպատակով։
Պարզաբանման մեջ ընդգծվում է, որ նույնիսկ թվային հարթակներում հաշիվների արգելափակման դեպքում հաճախորդը պահպանում է բանկային ծառայություններից օֆֆլայն տարբերակով (մասնաճյուղ այցելելով) օգտվելու հնարավորությունը։
Կարգավորողը նաև նշում է, որ հափշտակությունների զգալի մասը տեղի է ունենում հենց օգտատերերի անզգույշ գործողությունների հետևանքով, և կոչ է անում անձնական ֆինանսական տվյալները չփոխանցել երրորդ անձանց։
