Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Իրանին սահմանափակ հարված հասցնելու տարբերակը, հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։
Երբ նրան հարցրել են, թե արդյոք դիտարկում է սահմանափակ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ Թեհրանին համաձայնության դրդելու համար, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ կարող եմ ասել, որ քննարկում եմ դա»՝ առանց մանրամասնելու։
CBS-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու հնարավորությունը քննարկվում է փետրվարի 21-ից։ Հունվարին Սպիտակ տունը զգուշացրել էր, որ լրջորեն պատրաստ է ուժ կիրառել, եթե Թեհրանը չհամաձայնվի «արդար գործարքի», որը ներառում է միջուկային զենքից լիակատար հրաժարում։ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ատոմային ռումբ չմշակելու իրենց մտադրության մասին։
Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի ունեցավ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել է մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման մասին, որոնք կարող են ներառվել ապագա համաձայնագրի նախագծում։ Միացյալ Նահանգները խորհրդակցությունները որակեց որպես կառուցողական, սակայն նշեց, որ Թեհրանը դեռևս պատրաստ չէ ընդունելու Սպիտակ տան կողմից առաջարկված մի շարք դիրքորոշումներ։
News.am
