Логотип

Թրամփը երկրի պատմության մեջ ամենաերկար շաթդաունից հետո ստորագրել է կառավարության բյուջեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված կառավարության ժամանակավոր բյուջեն (մինչև հունվարի 30-ը)` այդպիսով վերջ դնելով երկրի պատմության մեջ ամենատևական շաթդաունին, որը տևել է 43 օր։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թրամփը փաստաթուղթը ստորագրել է Սպիտակ տանը՝ պաշտոնական արարողության ժամանակ։

Ավելի վաղ գերատեսչությունների կողմից տարածած հրահանգների համաձայն՝ բյուջեի բացակայության պատճառով լիարժեք չվճարված արձակուրդ ուղարկված աշխատակիցներն իրենց հատկացումների համաձայնեցման մասին ԶԼՄ–ներում կամ իշխանությունների կողմից պաշտոնապես հայտարարելուց հետո պետք է վերադառնան աշխատանքի։ Այսպիսով աշխատակիցները աշխատանքի կվերադառնան այսօր։

Սենատը, ապա Կոնգրեսը, փոխզիջումային բյուջե են համաձայնեցրել մինչև հունվարի վերջ։ Մինչ այդ մոտեցող շաթդաունի մասին խոսակցությունները կարող են վերսկսվել, եթե Կոնգրեսը չկարողանա համաձայնության գալ ամբողջական բյուջեի շուրջ մինչև ֆինանսական տարվա վերջ։

Թրամփը շաթդաունի մեջ մեղադրել է դեմոկրատներին.

«Կոնգրեսում դեմոկրատների մեծ մասը ուրախ էր տեսնել միլիոնավոր ամերիկացիների տառապանքները։ Նրանք իսկապես տառապում էին»։

ԱՄՆ նախագահը նշել է, որ շաթդաունը զանգվածային վնաս է հասցրել երկրին, այդ թվում՝ 20,000 չվերթերի չեղարկումը կամ ուշացումը և մեկ միլիոնից ավելի պետական ​​ծառայողների աշխատավարձից զրկելը։

Թրամփը հավելել է, որ տասնյակ հազարավոր դաշնային կապալառուներ և փոքր ձեռնարկություններ մնացել են առանց աշխատավարձի, իսկ ընդհանուր վնասի ճշգրիտ հաշվարկը մի քանի ամիս կպահանջի։

ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չի գործել հոկտեմբերի 1-ից, հարյուր հազարավոր աշխատակիցներ արձակուրդ էին ուղարկվել առանց աշխատավարձի պահպանման։ Սպիտակ տան հաշվարկներով՝ բյուջեի համաձայնեցման հետ կապված խնդիրների պատճառով տնտեսությունը այս տարվա չորրորդ եռամսյակում կդանդաղի երկու տոկոսային կետով։

Նախորդ հակառեկորդը ևս Թրամփին էր պատկանում. 2019 թվականի հունվարին ավարտվեց կառավարության աշխատանքի 35-օրյա դադարեցումը։ Այսպիսով հանրապետականի ​​նախագահության շրջանում իշխանության պարապուրդին բաժին է հասել ավելի շատ օր, քան ԱՄՆ մյուս բոլոր առաջնորդների ժամկետներին միասին վերցրած։ Այս միջոցառումը շատ պայմանական է, որովհետև հաշվարկը սկսվում է 1980 թվականից։ Դրանից առաջ կառավարությունը պարզապես գործում էր առանց բյուջեի՝ սպասելով դրա համաձայնեցմանը։ Սակայն այն ժամանակվա գլխավոր դատախազ Բենջամին Սիվիլետտին ֆինանսավորման համաձայնեցման բացակայության պարագայում առաջարկել էր նախագահ Ջիմի Քարթերին աշխատակիցներին ուղարկել չվճարվող արձակուրդ և փակել գերատեսչությունները։ Այդպես նա հորինեց «շաթդաունը»։

Sputnik Արմենիա