Հարավային Կովկասը Վաշինգտոնի և Անկարայի շահերի աքցանի մեջ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«1. Ֆիդանի հարցազրույցը TRT Haber-ին
Հարավային Կովկասում այսօրվա աշխարհաքաղաքական դասավորությունը ստանում է Վաշինգտոնի և Անկարայի չափազանց պրագմատիկ դաշինքի պատկեր, որտեղ Հայաստանին վերապահված է ոչ թե սուբյեկտի, այլ օտար շահերի իրացման համար նախատեսված պասիվ տարածքի դեր։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները TRT Haber-ին տված հարցազրույցում պատրանքների տեղ չեն թողնում. ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակները տարածաշրջանում այսօր համընկնում են գրեթե բոլոր կետերով՝ ռուսական ազդեցության դուրսմղումից մինչև հայ-ադրբեջանական հարցի վերջնական հանգուցալուծում։
2․ Ուիթկոֆը ԱՄՆ-ի ու Թուրքիայի մասին (սքրին
Այս «դիվանագիտական սինխրոնը» հաստատվում է ոչ միայն Հաքան Ֆիդանի խոսքերով. Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ուղղակիորեն մատնանշում էր, որ ամերիկյան կողմը տարածաշրջանային անվտանգության հարցերով իր գործողությունները համակարգում է թուրքական հետախուզության (MIT) ներկա և նախկին ղեկավարների հետ։ Հատուկ ծառայությունների և դիվանագիտական գերատեսչությունների նման խորը ինտեգրումը վկայում է այն մասին, որ «նոր Կովկասի» ռազմավարությունը գրվում է Անկարայում և կյանքի կոչվում Թուրքիայում և Սիրիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարքի միջնորդությամբ (մի գործչի, ում ձեռքերն արյունոտված են ոչ միայն Արցախի հայերի, այլև Սիրիայի ալավիների, քրդերի և դրուզների արյամբ։
3․ Փաշինյան- Բոլթոն
Հասկանալու համար, թե ինչպես Հայաստանին բերեցին ներկայիս հանգրվանին, անհրաժեշտ է հիշել Ջոն Բոլթոնի այցը Երևան 2018 թվականին։ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով այն ժամանակվա խորհրդականը բացահայտորեն հորդորեց այաստանյան ղեկավարությանը «հրաժարվել պատմական կարծրատիպերից»։ Այսօր ավելի քան ակնհայտ է, որ «կարծրատիպեր» ասելով Բոլթոնը նկատի ուներ ոչ միայն Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքն ու Իրանի հետ գործընկերությունը, այլև պատմությամբ և նույնիսկ արդի իրողություններով հիմնավորված անվստահությունը Թուրքիայի հանդեպ։
«Կարծրատիպերից հրաժարումը», ըստ էության, նշանակում էր Հայաստանի անվտանգության ավանդական համակարգի ապամոնտաժում՝ հանուն Թուրքիայի հովանու ներքո ձևավորվող տարածաշրջանային տնտեսական բլոկի մեջ մտնելուն։ Հեգնանքն այստեղ այն է, որ Արևմուտքի կողմից պարտադրված «նոր մտածողությունը» հանգեցրեց ոչ թե բարգավաճման, այլ Արցախի կորստի և 2023 թվականի էթնիկ զտումների, որոնք այդպես էլ չարժանացան «ժողովրդավարական աշխարհի» իրական դիմադրությանը
4․ Պատերազմ Արցախում
Բոլթոնի հայտարարությունը անվտանգության նախկին համակարգի քանդման ուլտիմատիվ անոնս էր՝ հանուն մի պատրանքային խաղաղության, որը, ինչպես ցույց տվեցին 2020 և 2023 թվականների իրադարձությունները, հայ ժողովրդի համար վերածվեց ողբերգության։ Բոլթոնի կոչը դարձավ այն քաղաքականության գաղափարական հիմքը, որի արդյունքում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը Սպիտակ տան համար դարձան առաջնահերթ, իսկ Հայաստանը վերածվեց մանրադրամի՝ Ռուսաստանի և Իրանի հետ մեծ դիմակայության մեջ։
ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերի սինխրոնիզացիան հատկապես վառ դրսևորվեց Թրամփի՝ Օվալաձև կաբինետ «երկրորդ գալստյան» շրջանում, ով երբեք չի թաքցրել իր հիացմունքը «ուժեղ տղաների» հանդեպ։ Նրա համակրանքը Իլհամ Ալիևի և Բաքվի «վճռականության» հանդեպ լիովին տեղավորվում է թուրքական էքսպանսիայի տրամաբանության մեջ։
5․ Foreign Affairs-ի հոդվածը Թուրքիայի մասին (սքրին)
Համաձայն Foreign Affairs-ի վերլուծության՝ 2020 թվականին Թուրքիայի աջակցությունը ադրբեջանական հարձակմանը ոչ միայն համերաշխության ակտ էր, այլև ռազմավարական հաշվարկ՝ ուղղված տարածաշրջանային տնտեսական բլոկի ստեղծմանը։ Այս նախագծի նպատակն է՝ Մոսկվայի և Թեհրանի դիրքերի վերջնական թուլացումը Կովկասում և Անկարայի առևտրային գերիշխանության ամրապնդումը։ Այս սխեմայում հայկական պետությունը դիտարկվում է սոսկ որպես տարանցիկ միջանցք՝ զրկված իրական ինքնիշխանությունից և սեփական սահմանները պաշտպանելու իրավունքից։
6․Հանդիպում Վաշինգտոնում
Քանի դեռ հայ հասարակությանը մատուցում են հեքիաթներ արևմտյան օգնության և TRIPP նախագծի՝ որպես անվտանգության երաշխավորի մասին, իրականությունը թելադրում է այլ պայմաններ։ Վաշինգտոնը ուղղակի ճնշում է գործադրում Երևանի վրա՝ ստիպելով գնալ խաղաղության Բաքվի և Անկարայի պայմաններով։
Ֆիդանն ընդգծում է, որ այս գործընթացը լիովին համապատասխանում է տարածաշրջանի վերաբերյալ ամերիկյան տեսլականին, որտեղ Ադրբեջանը հանդիսանում է առանցքային օղակ։ Թրամփը ոչ միայն «հիանում է» Բաքվի վճռականությամբ, այլև աջակցում է մի համակարգի, որտեղ Հայաստանի և հայերի համար՝ իրենց պատմական ընկալմամբ, պարզապես տեղ չկա։ Այսպիսով, «խաղաղության» բանաձևը, որն այսօր առաջ է մղվում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի եռյակի կողմից, ոչ թե համակեցության խաղաղություն է, այլ Հայաստանին պատմության լուսանցք մղելու գործընթացի վերջնականացում։
«Կարծրատիպերից հրաժարումը» ի վերջո հանգեցրեց մի իրավիճակի, երբ երկրի գոյատևումը կախված է այն խաղացողների կամքից, որոնց նպատակները պաշտոնապես հայտարարված են նույնական նրանց նպատակներին, ովքեր բացահայտորեն Հայաստանն անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։
Մտածե՛ք այդ մասին․․․»։
