Логотип

Թրամփը հայտարարել է «Աբերբայջանի» և Ալբանիայի միջև ռազմական գործողությունների դադարեցման մասին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի պարծեցել է նրանով, որ վերջ է դրել «Աբերբայջանի» և Ալբանիայի միջև թշնամությանը՝ միաժամանակ շփոթելով մեկ երկրի անվանումը և նշելով մեկ այլ երկիր, որը կապ չի ունեցել քննարկվող հակամարտության հետ։

Այս ամիս ավելի վաղ Թրամփը հանդես է եկել որպես միջնորդ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հարցում, որոնց առաջնորդներին նա ընդունել է Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովի ժամանակ: Երկու երկրները վաղուց թշնամացել են Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի պատճառով, որն անջատվել է Հայաստանի աջակցությամբ։ 2023 թվականին Ադրբեջանը վերականգնել է այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը։

Երեքշաբթի օրը Թրամփը հարցազրույց է տվել «The Mark Levin Show»-ին, որտեղ ևս մեկ անգամ առանց համատեքստի կրկնել է իր այն տեքստը, որ իր նախագահության առաջին յոթ ամիսներին ինքը վերջ է դրել վեց կամ յոթ գլոբալ կոնֆլիկտների։

«Ես կարգավորել եմ վեց պատերազմ և շատերն ասում են՝ յոթ, որովհետև կա ևս մեկը, որի մասին ոչ ոք չգիտի», – խորհրդավոր կերպով ասել է Թրամփը։ «Բայց ես կարգավորել եմ վեց պատերազմ և մենք հաղթեցինք Իրանին. ես ոչնչացրեցի նրանց միջուկային ներուժը, որը նրանք կօգտագործեին Իսրայելի դեմ երկու վայրկյանում, եթե հնարավորություն ունենային։ Բայց մենք ոչնչացրեցինք դա»։

Հայտարարելով, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը «ամենահեշտ» լուծելին է եղել՝ Թրամփը անդրադարձել է «Աբերբայջանին» և Ալբանիային․

Ըստ տեղեկությունների՝ Դոնալդ Թրամփը «The Mark Levin Show»-ի եթերում ասել է. «Շատ զարմանալի, զարմանալի բաներ։ Դուք տեսաք այս Աբերբայջանը։ Դա մեծ հակամարտություն էր, որը տևել է 34-35 տարի, ըմմ, Ալբանիայի հետ։ Միայն մտածեք։ Տարիներ շարունակ։ Ես հանդիպեցի առաջնորդների հետ, ճանաչեցի նրանց առևտրի միջոցով։ Մի փոքր աշխատեցի նրանց հետ և ասացի. «Ինչո՞ւ եք կռվում տղաներ»։ Հետո ասացի. «Ես ձեզ հետ առևտրային գործարք չեմ կնքի, եթե կռվեք։ Դա խելագարություն է»։

Ըստ Դոնալդ Թրամփի՝ մի բանը հանգեցրել է մյուսին և ինքը կարգավորել է այս հակամարտությունը։ «Իսկ չէ՞ որ բոլորն ասում էին, որ անհնար է այն կարգավորել։ Նույնիսկ երբ ես նրանց երկուսին հավաքեցի Օվալաձև աշխատասենյակում, արդեն ստորագրելուց առաջ, նրանք կողք կողքի էին նստած և փորձում էին հեռու մնալ միմյանցից։ Նրանք իրենց անհարմար էին զգում։ Բայց մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին և շնորհավորում միմյանց։ Գեղեցիկ էր դա տեսնել»։

News.am