Логотип

Թրամփը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի 32-ամյա հակամարտությունը լուծել է 1 ժամում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի 32-ամյա հակամարտության կարգավորումը ձեռք է բերվել մի ժամվա ընթացքում: Այս մասին նա ասել է Եգիպտոսի Շարմ էլ Շեյխում Գազայի հատվածում խաղաղության հաստատման գագաթնաժողովի ժամանակ։

«Դուք դեռ յոլա եք գնում, չէ՞։ Մենք պայքարում էինք 32 տարի, և մոտ մի ժամվա ընթացքում հաշտվեցինք, այնպես չէ՞: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այստեղ գտնվելու համար»,-դիմել է Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Նշենք, որ Եգիպտոսում կայացած գագաթնաժողովում Թրամփը պայմանագիր է ստորագրել Գազայի հատվածի հակամարտության դադարեցման մասին: Ելույթ ունենալով համաշխարհային առաջնորդների առջև՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ համաձայնագրի ստորագրումը նշանակում է տարածաշրջանում խաղաղության հաստատում:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել (99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ), որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն հողը ոչ թե 99 տարով վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Sputnik Արմենիա