ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ քննարկում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունը։
«Մենք այդ մասին խոսել ենք Վիկտորի հետ, բայց մանրամասները կհայտնենք ավելի ուշ։ Մենք իսկապես քննարկել ենք Պուտինի հետ հանդիպումը», – ասել է Թրամփը Սպիտակ տանը Հունգարիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Քարոլին Լևիթը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի հրաժարվում ԱՄՆ–ի և Ռուսաստանի առաջնորդների՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ծրագրերից, սակայն այն տեղի կունենա միայն այն դեպքում, եթե կարողանա «շոշափելի արդյունքներ» տալ։
Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահը ուզում է համոզվել, որ Ռուսաստանի նախագահի հետ բանակցությունները «իր ժամանակի խելամիտ օգտագործում» կլինեն։ Լևիթը նաև հաստատել է, որ Թրամփի վարչակազմը հույս ունի առաջ մղել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը, բայց, ինչպես ինքն է ասել, «բավականաչափ հետաքրքրություն չի տեսնում Մոսկվայի կողմից»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության և հույս ունի վերականգնել կանխատեսելիությունը և փոխադարձ հարգանքը երկու երկրների հարաբերություններում։ Այս ֆոնին ԱՄՆ-ն հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին, որոնք սահմանափակումներ են ներառում «Ռոսնեֆտի», «Լուկոյլի» և դրանց դուստր ձեռնարկությունների նկատմամբ։
Sputnik Արմենիա
