Նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ ներում կշնորհի տեխասցի դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելլարին, որին անցյալ տարի մեղադրանք էր առաջադրվել կաշառակերության և փողերի լվացման մեղադրանքներով, հաղորդում է NBC News-ը։
Truth Social-ում գրառման մեջ Թրամփը դեմոկրատներին մեղադրել է, որ նրանք ձգտում են «հարձակվել, թալանել, ստել, խարդախություն անել, կործանել և ոչնչացնել յուրաքանչյուրին, ով կհամարձակվի դեմ գնալ իրենց ծայրահեղ ձախ օրակարգին, ինչը չկասեցնելու դեպքում կոչնչացնի մեր մեծ երկիրը»։
«Այս և այլ փաստերի հիման վրա ես լիակատար և անվերապահ ՆԵՐՈՒՄ եմ շնորհում սիրելի կոնգրեսական Հենրի Կուելլարին և Իմելդային»,- գրել է Թրամփը՝ նկատի ունենալով Կուելյարի կնոջը, որը ևս բախվում է մեղադրանքներին։
«Հենրի, ես քեզ չեմ ճանաչում, բայց կարող ես այսօր գիշեր հանգիստ քնել. քո մղձավանջը վերջապես ավարտվեց»,- շարունակել է նախագահը։
X-ի հարթակում իր գրառման մեջ կոնգրեսականը շնորհակալություն է հայտնել Թրամփին «նրա ականավոր ղեկավարության և փաստերն ուսումնասիրելու համար ժամանակ հատկացնելու համար»։
«Այս ներումը մեզ մաքուր էջ է տալիս,- գրել է Կուելյարը։ -Աղմուկն անցավ։ Աշխատանքը մնում է։ Եվ ես մտադիր եմ առերեսվել դրան։ Շնորհակալություն, պարոն նախագահ, Աստված օրհնի ձեզ և Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները»։
Կուելյարի դուստրերը՝ Քրիստինան և Քեթրինը, նամակ են գրել՝ խնդրելով ներում շնորհել իրենց հորը՝ պնդելով, որ «հավատացել են, որ իրենց հոր անկախությունն ու ազնվությունը կարող են ազդել այս գործի բացման վրա»։
«Երբ դուք և ձեր ընտանիքը դժվարությունների հանդիպեցիք, մենք այդ ցավը հասկացանք շատ մարդկային մակարդակով,- ավելացրել են նրանք նամակում, որը Թրամփը հրապարակել է Truth Social-ում։ -Մենք աղոթել ենք ձեզ և ձեր ընտանիքի համար՝ ձեր ուժի, խաղաղության և հավատի համար, որպեսզի դուք ամուր մնաք, քանի որ վերնագրերի հետևում իրական մարդիկ են, որոնք տառապում են, սիրում և դեռ ավելի լավ օրերի հույս ունեն»։
Սեթ ԴյուՇարմը՝ կոնգրեսականի փաստաբաններից մեկը, հրաժարվել է մեկնաբանություն տալ։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչն անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։
Դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարը և նրա կինը՝ Իմելդան, մեղադրվել են Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերությունից և անանուն մեքսիկական բանկից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու մեջ: Արդարադատության նախարարությունը 2024 թվականի մայիսին մեղադրանք է առաջադրել Կուելյարին և նրա կնոջը 14 կետով, դրանց թվում՝ կաշառակերության, էլեկտրոնային խարդախության և փողերի լվացման համար: Օգոստոսին ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ երկու մեղադրանքը:
News.am
