Логотип

Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում բանակցություններ կանցկացնի Զելենսկու հետ

Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ երկուշաբթի օրը՝ օգոստոսի 18-ին, Վաշինգտոնում հանդիպում կանցկացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Այցը կկայանա ամերիկյան կողմի հրավերով:

Զելենսկին հայտնել է, որ ինքն ու Թրամփը նախ երկուսով են զրուցել, ապա եվրոպական առաջնորդների մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, խոսել են ավելի քան մեկուկես ժամ, որից մոտ մեկ ժամը՝ առանձին։

«Ուկրաինան վերահաստատում է, որ պատրաստ է առավելագույնս արդյունավետ աշխատել հանուն խաղաղության։ Նախագահ Թրամփն ինձ տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպման, զրույցի հիմնական կետերի մասին։ Կարևոր է նշել, որ Ամերիկան ունի իրավիճակի զարգացման վրա ազդելու ուժ»,-տելեգրամյան ալիքում նշել է Զելենսկին։

Նա հայտարարել է, որ Կիևը պաշտպանում է Ուկրաինա-Ամերիկա-Ռուսաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Թրամփի առաջարկը:

«Ուկրաինան ընդգծում է՝ առանցքային հարցերը կարող են քննարկվել առաջնորդների մակարդակով, և եռակողմ ձևաչափը հարմար է դրա համար», – նշել է նա:

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդն իր հերթին հայտնում է, որ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Թրամփի, Զելենսկու և ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների միջև զրույցը «դյուրին չի եղել»:

Հիշեցնենք` օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները: Առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի նախագահի այցը Ալյասկա տևել է հինգ ժամ: ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդների` «Երեքը երեքի դիմաց» ձևաչափով նեղ կազմով բանակցությունները տևել են 2 ժամ 45 րոպե: Բացի Պուտինից ու Թրափից, հանդիպմանը մասնակցել են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։

Sputnik Արմենիա