Логотип

Թրամփը և Ռյուտեն Գրենլանդիայի վերաբերյալ միայն բանավոր համաձայնության են եկել. որևէ փաստաթուղթ դեռևս չի ստորագրվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն չորեքշաբթի անցկացված հանդիպման ժամանակ բանավոր համաձայնության են եկել Գրենլանդիայի վերաբերյալ, սակայն ապագա համաձայնագիրը պաշտոնապես ձևակերպող որևէ փաստաթուղթ դեռևս պատրաստ չէ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ Թրամփը և Ռյուտեն համաձայնել են շարունակել բանակցությունները՝ ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև 1951 թվականի՝ կղզում ամերիկյան ռազմական ներկայությունը կարգավորող համաձայնագրի վերանայման մասին։

Նոր համաձայնագրի ենթադրվող շրջանակը ներառում է նաև Գրենլանդիայում ռուսական և չինական ցանկացած ներդրման արգելք և տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դերի ընդլայնում։

Երկու աղբյուրներ հայտնել են, որ հնարավոր համաձայնագրի մեկ այլ տարր կարող է լինել ԱՄՆ հասանելիությունը Գրենլանդիայի բնական պաշարներին, ներառյալ՝ հանքային պաշարներին։ Սակայն Ռյուտեն հինգշաբթի հայտարարել է, որ այդ հարցն ուղղակիորեն չի քննարկել Թրամփի հետ։

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրի մանրամասները կհրապարակվեն դրանց վերջնական տեսքի բերվելուն պես, և վարչակազմի ներկայացուցիչը հինգշաբթի օրը վերահաստատել է այդ դիրքորոշումը։

«Եթե այդ համաձայնագիրը հաստատվի, իսկ նախագահ Թրամփը շատ է հույսը դնում դրա վրա, Միացյալ Նահանգները կհասնի Գրենլանդիայի վերաբերյալ իր բոլոր ռազմավարական նպատակներին նվազագույն ծախսերով և երկարաժամկետ հիմքով: Նախագահ Թրամփը կրկին ապացուցում է, որ ինքը երկրի գլխավոր բանակցողն է: Երբ բոլոր կողմերը վերջնականապես որոշեն մանրամասները, դրանք կհրապարակվեն»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելլին։

CNN-ը մեկնաբանություն ստանալու համար կապ է հաստատել Մարկ Ռյուտեի գրասենյակի հետ։

Քննարկումներին ծանոթ աղբյուրներից մեկը նշել է, որ Ռյուտեն դժկամությամբ է պատրաստել որևէ պաշտոնական փաստաթուղթ Թրամփի հետ հանդիպման ժամանակ՝ վախենալով, որ դրանք կարող են սպրդել մամուլում կամ Թրամփն ինքը կհրապարակի սոցիալական ցանցերում: Այս շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահը իսկապես սոցիալական ցանցերում հրապարակել էր Ռյուտեի անձնական հաղորդագրությունը, որը նրան ուղարկել էր բանակցություններից առաջ։

Գրավոր համաձայնագրերի բացակայությունը որոշակի շփոթություն է առաջացրել ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում, ովքեր լիովին չեն ըմբռնում, թե ինչի շուրջ է կոնկրետ համաձայնություն ձեռք բերվել։ Նոր համաձայնագրի կոնկրետ պայմանները ուրվագծող փաստաթուղթը նախատեսվում է պատրաստել ԱՄՆ-Դանիա-Գրենլանդիա աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամանակ, որը ստեղծվել է անցյալ շաբաթ դանիական և գրենլանդական ներկայացուցիչների միջև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ բանակցություններից հետո: Ըստ աղբյուրներից մեկի՝ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ավելի վաղ առաջ էին քաշել այն գաղափարը, թե Դանիան կարող է ԱՄՆ-ին թույլ տալ լրացուցիչ ռազմական բազաներ կառուցել Գրենլանդիայում՝ ամերիկյան ինքնիշխան տարածք համարվող տարածքում: Սակայն դանիացի պաշտոնյաները հայտարարել են, որ ինքնիշխան տարածքը ԱՄՆ-ին փոխանցելու վերաբերյալ ուղղակի քննարկումներ չեն եղել, իսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հաստատել է, որ Ռյուտեն այդ հարցը չի բարձրացրել Թրամփի հետ հանդիպմանը։

«ՆԱՏՕ-ն լիովին գիտակցում է Դանիայի Թագավորության դիրքորոշմանը,- հինգշաբթի հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը: -Մենք կարող ենք քննարկել քաղաքական ամեն ինչ՝ անվտանգություն, ներդրումներ, տնտեսություն: Սակայն մեր ինքնիշխանության շուրջ չենք կարող բանակցել: Ինձ տեղեկացրել են, որ դա տեղի չի ունեցել»։

News.am