2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։ Այս մասին հայտնում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։
Մաչադոն 57 տարեկան է: Նա 2011-2014 թվականներին եղել է Վենեսուելայի Ազգային ժողովի պատգամավոր, մասնակցել է 2012 թվականի նախագահական ընտրություններին, ընդդիմադիր գործիչ է:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ ինքն արժանի է Խաղաղության մրցանակի, քանի որ կարողացել է «7 պատերազմ» դադարեցնել։ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար Թրամփին առաջադրելու առաջարկով հանդես էին եկել մի քանի երկրների իշխանություններ, այդ թվում՝ Իսրայելը, Պակիստանը, Կամբոջան, Գաբոնը, Ռուանդան, Հայաստանն ու Ադրբեջանը:
Օսլոյում խաղաղության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Նինա Գրեգերն ավելի վաղ հայտարարել էր, որ Թրամփի` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և Փարիզի կլիմայական համաձայնագրերից դուրս գալու որոշումը, ինչպես նաև նրա առևտրային պատերազմները հակասում են մրցանակի հիմնադրի՝ Ալֆրեդ Նոբելի կտակին: Միևնույն ժամանակ Նոբելյան կոմիտեի քարտուղար Քրիստիան Բերգ Հարպվիկենը՝ որոշում կայացնող հինգ անդամներից մեկը, նշել է, որ խաղաղության մրցանակը չեն տալիս այն նվաճումների համար, որոնց թեկնածուները հասել են վերջին պահին:
Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել ԱՄՆ–ի 4 նախագահներ՝ Բարաք Օբաման (2009թ.), Ջիմի Քարթերը (2002թ.), Վուդրո Վիլսոնը (1919թ.) և Թեոդոր Ռուզվելտը (1906թ.):
Մրցանակը շնորհվում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի կողմից և կազմում է 11 միլիոն շվեդական կրոն (մոտավորապես 1,2 միլիոն դոլար):
Sputnik Արմենիա