ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զգուշացրել է, որ լրատվական գործակալությունների հեռարձակման լիցենզիաները կարող են հետ կանչվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ քննադատական ռեպորտաժների պատճառով՝ մեղադրելով ԶԼՄ-ներին «աղավաղումների» մեջ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Հաղորդակցության դաշնային հանձնաժողովի (FCC) նախագահ Բրենդան Քարը շաբաթ օրը սոցիալական հարթակներում կատարած իր հրապարակման մեջ հայտարարել է, որ հեռարձակողները պետք է «գործեն ի շահ հանրության», հակառակ դեպքում կկորցնեն իրենց արտոնագրերը։
«Այն հեռարձակող ընկերությունները, որոնք կեղծիքներ և նորությունների աղավաղումներ են տարածում, որոնք հայտնի են նաև որպես «ֆեյք նյուզ», այժմ հնարավորություն ունեն ուղղելու իրենց գործելաոճը՝ նախքան արտոնագրերի ժամկետի երկարաձգումը»,- գրել է Քարը։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, այս զգուշացումը դարձել է Քարի հերթական բացահայտ սպառնալիքը, որը բազմիցս ուշադրություն է գրավել իր այն հայտարարություններով, որոնք, ըստ ամենայնի, ճնշում են գործադրում հեռարձակող ընկերությունների վրա՝ ստիպելով նրանց համապատասխանել Թրամփի առաջնահերթություններին:
Օրինակ՝ անցյալ տարի Քարը հորդորել էր «ABC» հեռուստաալիքին և նրա դիստրիբյուտորներին «գտնել վարքագիծը փոխելու ուղիներ և միջոցներ ձեռնարկել» կատակերգու Ջիմմի Քիմելի նկատմամբ, որի գիշերային շոուն քննադատում էր ԱՄՆ նախագահին։
«Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով»,- փոդքաստներից մեկի ժամանակ ասել էր Քարը Քիմելի մասին։
Այս հայտարարություններից հետո «ABC» հեռուստաալիքը ժամանակավորապես դադարեցրել էր Քիմելի շոուն։
Քարի վերջին հայտարարությունը բուռն դատապարտման է արժանացել քաղաքական գործիչների և խոսքի ազատության պաշտպանների կողմից, որոնք նրա խոսքերը համեմատել են գրաքննության հետ։
«Սա պատերազմի դրական լուսաբանման վերաբերյալ հստակ հրահանգ է, հակառակ դեպքում լիցենզիաները կարող են չերկարաձգվել»,— գրել է Հավայան նահանգից սենատոր Բրայան Շատցը։— «Սա ավելին է, քան պարզապես կատակերգություն, շատ ավելին։ Այստեղ խաղադրույքները շատ ավելի բարձր են։ Նա չի խոսում գիշերային շոուների մասին, նա խոսում է այն մասին, թե ինչպես է լուսաբանվում պատերազմը»։
Իր հերթին, Անհատի իրավունքների և արտահայտման պաշտպանության հիմնադրամի (FIRE) հանրային պաշտպանության տնօրեն Աարոն Թերրը նույնպես դատապարտել է Քարին՝ պատերազմի բացասական լուսաբանումը լռեցնելու փորձի համար։ «Առաջին փոփոխությունը թույլ չի տալիս կառավարությանը գրաքննության ենթարկել տեղեկատվությունն այն պատերազմի մասին, որն ինքն է մղում»,— ասել է Թերրը։
Քարի վերջին հայտարարությունը հնչել է ի պատասխան սոցիալական ցանցերում Թրամփի կատարած հրապարակման, որում նա մեղադրել էր «կեղծ լրատվամիջոցներին» այն հաղորդումների համար, թե Սաուդյան Արաբիայում իրանական հարվածի հետևանքով ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ են խոցվել։
News.am
