ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի Truth Social սոցիալական հարթակում հայտարարել է, որ իր երկրի կողմից Գրենլանդիայի վերահսկողությունը «կենսական նշանակություն ունի» իր ծրագրած «Ոսկե գմբեթ» օդային և հրթիռային պաշտպանական համակարգի համար։
«Միացյալ Նահանգներին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության նպատակներով։ Այն կենսական նշանակություն ունի մեր կառուցվող «Ոսկե գմբեթի» համար։ ՆԱՏՕ-ն պետք է օգնի մեզ այն ստանալ։ Եթե մենք դա չանենք, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը, իսկ նման բան տեղի չի ունենալու»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Նա հավելել է, որ ռազմական առումով, առանց Միացյալ Նահանգների հսկայական ուժի, «որի մեծ մասը ես կառուցել եմ իմ առաջին ժամկետի ընթացքում և որն այժմ բարձրացնում եմ նոր, նույնիսկ ավելի բարձր մակարդակի, ՆԱՏՕ-ն չէր լինի արդյունավետ ուժ կամ զսպող միջոց՝ նույնիսկ մոտավոր»։
«Նրանք դա գիտեն, ես էլ։ ՆԱՏՕ-ն շատ ավելի հզոր և արդյունավետ է դառնում Գրենլանդիայի՝ Միացյալ Նահանգների ձեռքում։ Այն ամենը, ինչ դրանից փոքր է, անընդունելի է»,- եզրափակել է Դոնալդ Թրամփը։
News.am
