ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամուլի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ ասել է, որ ուկրաինացի բոլոր ներկայացուցիչներից միայն Վլադիմիր Զելենսկին է, որ հավանություն չի տալիս հակամարտության խաղաղ կարգավորման ամերիկյան ծրագրին։ Նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելու ավարտական փուլում է։
Վաշինգտոնը փոփոխել է նախնական նախագիծը, որն այժմ չորս կամ հինգ մաս է պարունակում։
Թրամփը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը լուծելը հազար անգամ ավելի դժվար է, քան անշարժ գույքի հետ կապված գործարք կնքելը։
ԱՄՆ առաջնորդը նաև խոստացել է Կիևին աջակցել անվտանգություն ապահովելու հարցում՝ հավելելով, որ ԱՄՆ-ն արդեն շուրջ 350 մլրդ դոլար հատկացրել է Ուկրաինային՝ որևէ բան չստանալով դրա դիմաց։
Հիշեցնենք` նոյեմբերին Սպիտակ տունը 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիր ներկայացրեց։ Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ծրագրում կետերի թիվը կրճատվել է` հասնելով 22–ի: Դեկտեմբերի 8-ին Զելենսկին պաշտոնապես մերժեց կարգավորման շրջանակում տարածքների փոխանցման հնարավորությունը` նշելով, որ հակամարտության կարգավորման հարցում Կիևի և Թրամփի մոտեցումները տարբեր են: Ի պատասխան Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները սկսեցին մշակել խաղաղության նոր ծրագիր՝ այն հետագայում Վաշինգտոն ուղարկելու համար։
Sputnik Արմենիա
