Логотип

Թրամփ․ Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարները համաձայնել են հրադադար հաստատել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են հրադադար հաստատել:

«Այսօր առավոտյան ես շատ լավ զրույց ունեցա Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունի և Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթի հետ՝ կապված նրանց վաղեմի հակամարտության չափազանց տխուր վերսկսման հետ։ Նրանք համաձայնել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ սկսած այս երեկոյից, և վերադառնալ նախնական խաղաղ համաձայնագրին, որը ես նրանց հետ կնքել եմ Մալայզիայի հրաշալի վարչապետ Անվար Իբրահիմի օգնությամբ»,-գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Թաիլանդի և Կամբոջայի սահմանամերձ շրջաններում ռազմական գործողությունների սրացումը սկսվել է անցած հանգստյան օրերին։ Կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ, Թաիլանդի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել։

Ավելի վաղ կամբոջական ԶԼՄ-ները հայտնել էին, որ կատաղի մարտերը շարունակվում են թայ-կամբոջական սահմանի ողջ երկայնքով: Վերջին տվյալներով՝ Կամբոջայի սահմանամերձ նահանգների վրա թայլանդացի զինվորականների հարձակումների պատճառով ավելի քան 54,5 հազար մարդ լքել են իրենց տները, Թաիլանդում ընդհանուր առմամբ տարհանվել է 400 հազար բնակիչ, որոնցից 125 հազարը գտնվում են ժամանակավոր տեղակայման կետերում՝ սահմանամերձ նահանգներում:

Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային հակամարտությունը, որը սկսվել էր գարնանը, հուլիսի վերջին վերաճել է ինտենսիվ մարտական բախումների՝ ծանր սպառազինության, հրետանու և ավիացիայի կիրառմամբ: Ռազմական գործողություններն ավարտվել են ԱՄՆ-ի, Չինաստանի և 2025 թվականին ԱՍԵԱՆ-ում նախագահող Մալայզիայի միջնորդությամբ հրադադարի հաստատմամբ։

2025 թվականի հոկտեմբերի վերջին Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները հակամարտության կարգավորման մասին հռչակագիր են ստորագրել։ Արարողությունը կայացել է Կուալա Լումպուրում՝ ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովի շրջ անակում։Համաձայնագրի ստորագրմանը հետևել է գագաթնաժողովին ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Sputnik Արմենիա