Անցած հինգշաբթի օրը տեղի ունեցավ մի ուշագրավ միջոցառում, որին շատ տեղ չհատկացվեց մեր մամուլում և քարոզչությունում։ Կայացավ «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը Վաշինգտոնում՝ Խաղաղության ամերիկյան ինստիտուտում, որն անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը վերանվանել Է Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտ:
ԹՐԱՄՓՆ ԱՆՁԱՄԲ ԼՍԵՑ ԲԱԶՈՒՄ ՀԱՃՈՅԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ: Գազայի հատվածին, օգնության ծրագրերին, այնտեղ ոստիկանական ուժերի ստեղծմանը նվիրված նիստի ընթացքում Ղազախստանի նախագահն առաջարկեց հիմնել Դոնալդ Թրամփի անվան մրցանակ:
Թրամփը լի էր եռանդով։ Նրա ելույթը ձգվեց 45 րոպե, ԱՄՆ նախագահը գովերգեց ինքն իրեն՝ հայտարարելով, թե «Խաղաղության խորհուրդը» «ամենաազդեցիկ խորհուրդն է, որի նմանը դեռ չի եղել»: «Մեզ մոտ առաջնորդների մեծ խումբ է ներկա, իսկ նրանք, ովքեր ներկա չեն, դիտում են հեռարձակումը Zoom-ով։ Հուսով եմ՝ նրանց դուր կգա»,- հայտարարեց Թրամփը՝ նշելով, որ «Խաղաղության խորհուրդը» հսկելու է ՄԱԿ-ին, որպեսզի վերջինս լավ աշխատի։ ԱՄՆ նախագահը չէր զրկում իրեն կատակելու հաճույքից. «Մարկո Ռուբիոն այնքան լավ ելույթ ունեցավ Մյունխենում, որ քիչ էր մնում հեռացնեի նրան պաշտոնից»: Կատակում էր նաև իր հասցեին. «Այո, «Ադրբեջան»-ը դժվար է արտաբերել, բայց ես սովորել եմ։ Գեղեցիկ անվանում է»:
Թրամփը անկեղծորեն խոստովանեց, որ թեև չպետք է աջակցի այլ երկրներում բարձրագույն պաշտոնների թեկնածուներին, բայց «ես աջակցում եմ նրանց, ովքեր ինձ դուր են գալիս»: Նշեց Սիրիայի առաջնորդին և Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին։ Մատնացույց անելով Միլեյին՝ Թրամփն ասաց. «Նա մի քիչ հետ էր մնում ըստ հարցումների։ Արդյունքում համոզիչ հաղթանակ տարավ»։ «Հիմա ես աջակցում եմ օտարերկրյա առաջնորդներին, այդ թվում՝ Վիկտոր Օրբանին, որն այստեղ է, և մյուսներին»,- իր ելույթի այդ հատվածը եզրափակեց Դոնալդ Թրամփը:
Վարչապետ Փաշինյանը նույնպես մասնակցում էր «Խաղաղության խորհրդի» նիստին: Բայց տարօրինակ բան. մեր իշխանությունները, որոնք այնքա՜ն սիրում են գովազդել ինքզինքը, Փաշինյանի այդ մասնակցության մասին պատմում են ժլատորեն։
Ո՞րն է պատճառը: Ըստ երևույթին՝ այն, որ Թրամփի միջոցառումներում Փաշինյանին հատկացված է տիկնիկի դեր, որը պետք է յուր անձով պատկերազարդի ԱՄՆ նախագահի առաջատար դերը համաշխարհային գործերում, նրա վաստակը «ողջ աշխարհում խաղաղության» ճանապարհին, ինչը վկայում է, որ Թրամփն անկասկած արժանի է Նոբելյան մրցանակի։ Եվ լարովի տիկնիկի պես Փաշինյանը ստիպված է ամեն անգամ վեր ցատկել և լուսարձակների լույսի տակ սեղմել Ալիևի ձեռքը, որպեսզի պատկերազարդումն ավելի համոզիչ լինի։
Կարող են ասել, թե Թրամփի միջոցառումներում նույն դերն է վերապահված նաև Իլհամ Ալիևին։ Ոչ այնքան: Նախ, Ադրբեջանի հետ փոխգործակցելու ԱՄՆ-ի շահագրգռվածությունը շատ ավելի մեծ է, հենց թեկուզ, ինչպես նշում են փորձագետները, Հայաստանի և Ադրբեջանի ռեսուրսային ներուժի և հնարավորությունների տարբերության պատճառով։ Մասնավորապես, նույն նիստում Թրամփը հայտարարեց, որ Ադրբեջանը լինելու է Գազայի հատվածի վերականգնման ֆինանսական հովանավորներից մեկը:
Դե, իսկ գլխավորը երևի այն է, որ Թրամփը ճանաչում է Ադրբեջանի հաղթանակը պատերազմում, նույնիսկ հարցրել է Ալիևին, ինչպես ինքը պատմեց, թե ինչու նա չի շարունակել հարձակումը։ Այսինքն Թրամփը համարում է, թե առաջ մղելով խաղաղությունը երկու երկրների միջև՝ ավելի մեծ լավություն է անում Հայաստանին, քան Ադրբեջանին։
Փաշինյանն ամեն ինչ տեսնում է ու հասկանում։ Ուստի, մի կողմից՝ ուրախ է հրավերներ ստանալ Թրամփից, մյուս կողմից՝ դժվար թե նրան հաճույք է պատճառում տիկնիկի դերը, որը ստիպված է տեղից ցատկել ամեն անգամ, երբ ԱՄՆ նախագահը կրկին ցանկանա պարծենալ նրանով, թե ինչպես է խաղաղություն հաստատել «Ալբանիայի» և «Կամբոջայի» միջև։
Եվ դրա համար էլ Փաշինյանը ուրախ հայտնում է սոցցանցերում, որ նիստից հետո վերջապես նստել է իր ինքնաթիռն ու կարող է զբաղվել «Հայ ժողովրդի պատմության» ակադեմիական հրատարակության հերթական գլխի ընթերցանությամբ։
