Քիչ առաջ հաղորդում եմ ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ հիշեցնելով, որ էս տականքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը նախատեսում է մինչև 4 տարվա ազատազրկում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ու հրապարակել իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանի հայտարարություններն արցախցիների վերաբերյալ։
«Վստահ եմ՝ առաջիկա 20 րոպեների ընթացքում սրան կալանավորման նպատակով կձերբակալեն։ Բա՞, գիտեի՞ք՝ քննչականն այսքան օպերատիվ կարող է գործել միայն կաթողիկոսի եղբոր դեպքում, այն էլ անհիմն դեպքերում։ Հաղորդումս կարդացին ու ասացին՝ ինչպես կարելի է արցախցիների մասին նման բառերն անպատիժ թողնել։ Էսա, սպեցնազ, բան, արդեն սկսում են շարժվել»,-ծաղրել է փաստաբանը։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 329 հոդվածը վերաբերում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն։
Հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է.
«Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը, որը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով»։
News.am
