Логотип

ԹՔԵՑԻՔ-ՄՐԵՑԻՔ՝ ԵՎ ԲԱ՛Վ Է…

Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստել է «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» ԱԺ հայտարարության նախագիծ: Դրանով կոչ է արվում խորհրդարանին համերաշխություն հայտնել քաղբանտարկյալներին և քաղաքական հալածյալներին, հետամուտ լինել դատարանների անկախության ապահովմանը, ընդդիմության նկատմամբ հարուցված քրեական գործերի կասեցմանը և այս կամ այն քաղաքական դրդապատճառներով կալանավորված բոլոր անձանց անհապաղ ազատ արձակմանը:

Ըստ պատգամավոր Էլինար Վարդանյանի, հիմք ընդունելով ԵԽԽՎ 2012թ. 1900 բանաձևի չափորոշիչները, կարելի է պնդել, որ այսօր քաղաքական դրդապատճառներով կալանքի տակ են գտնվում հանրապետության չորս տասնյակ քաղաքացիներ:

ԱՅՍ ԱՌԻԹՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՎԵՑԻՆ քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, թեև հասկանալի է, որ նախագիծը չի ընդունվի, իշխող մեծամասնությունը դեմ կքվեարկի:

Լսումների ընթացքում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ընդդիմադիր քաղաքական ուժերի ջանքերը կոնկրետ դիրքորոշումների շուրջ միավորելու առաջարկով: Մասնավորապես՝ միասնաբար դիմակայելու իշխանությունների բռնաճնշումներին, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանությունների քայլերին, բոլոր քաղբանտարկյալների իրավունքների և ազատ արձակման համար համատեղ պայքարին, անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուժ են նրանք ներկայացնում։ Նշելով, որ վերարտադրվելու համար «չարի իշխանությունը» օգտագործելու է իրեն հասանելի բոլոր ռեսուրսները, Սաղաթելյանն ընդգծեց իշխանությունների չարաշահումներին միասնաբար դիմակայելու անհրաժեշտությունը ինչպես նախընտրական, այնպես էլ բուն ընտրարշավի շրջանում և դրանից հետո:

Դե, և վերջապես, Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ ևս մեկ ցավոտ թեմայի։ Նա առաջարկեց ընդդիմադիր բոլոր ուժերին դադարեցնել հակաքարոզչությունն ընդդիմադիր դաշտում իրենց գործընկերների դեմ։ Հասկանալի է, որ կան ուժեր, որոնց համար այս կամ այն քաղաքական թիմի վարկաբեկումն ինքնահաստատման միջոց է, բայց բոլոր այն ուժերը, որոնք թիվ մեկ խնդիր են համարում այս իշխանությունից ազատվելը, պետք է դադարեն հակաքարոզչությամբ զբաղվել ու միավորեն ջանքերը։

Հարցը վաղուց է հասունացել։ Հուսով ենք, որ առաջատար և իսկապես ընդդիմադիր ուժերը կլսեն այս կոչը, քանի որ, եթե անկեղծ լինենք, արդեն հոգնել ենք հետևել, թե ինչպես են որոշ քաղաքական թիմեր կատաղաբար ցեխ շպրտում ընդդիմադիր դաշտում իրենց գործընկերների վրա՝ լոկ այն պատճառով, որ վերջիններս աջակցում են մեկ այլ առաջնորդի… Ընդ որում չկա ըմբռնումը կամ ցանկությունը՝ ըմբռնելու, որ նման «թուքումուրով» ոչ միայն չեն նպաստում իրենց առաջնորդի հեղինակության աճին, այլև հակառակը՝ վարկաբեկում են նրան։ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ այդ մարդկանց բոլոր փորձերը՝ «բացելու» ընտրողի աչքերը, թե ով է «իսկական» ընդդիմադիր, հաճախ հանգեցնում են հակառակ արդյունքի։ Կարելի է ասել՝ կրկնակի բացասական արդյունքի. վանում են ընտրողին և՛ հակաքարոզչությամբ զբաղվող թիմից, և՛ հարձակման թիրախից։ Ի հաճույս «Քաղաքացիական պայմանագրի»։

Գլխավոր քաղաքական առաջնորդների կենսագրությունը, գործունեությունը միջին վիճակագրական ընտրողին բավականաչափ հայտնի են, և նա՝ ընտրողը, իր հետևություններն արել է բնավ ոչ երեկ։ Այնպես որ թքեցիք-մրեցիք՝ և բա՛վ է, ընդդիմադիր ճամբարի հակաքարոզչության վարպետները թող ավելի օգտակար կիրառություն գտնեն իրենց անվերապահ ունակություններին. հայոց պետականության մարտահրավերներն առանց այդ էլ շատ են։ Դե, իսկ նրանք, ովքեր 2026 թվականի ընտրությունների նախաշեմին կշարունակեն զբաղվել ընդդիմադիր թիմերի այս կամ այն ճանաչված առաջնորդների պախարակմամբ, փաստացի ջուր կլցնեն միայն մեկ քաղաքական թիմի՝ իշխանական կուսակցության ջրաղացին։