Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» ստորագրման ժամկետներ հայտնելն անշնորհակալ գործ է։ Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը կայացած «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» համաժողովից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ադրբեջանի հետ աշխատանքները բոլոր ուղղություններով շարունակվում են. թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի կողմից պոզիտիվ տրամադրվածությունը կա։ Ժամկետների մասին խոսելն անշնորհակալ գործ է, մենք պատրաստ ենք եղել ու հիմա էլ պատրաստ ենք այդ պայմանագիրը ստորագրել, այդ ուղղությամբ էլ խոսակցությունները շարունակվում են։ Ակնհայտ է՝ կոնֆլիկտ չկա, նախադրյալներ էլ չկան ու չեն էլ կարող լինել։ Շատ կարևոր ու որոշիչ է վստահության վերականգնումը»,- ասաց Սիմոնյանը։
Դիտարկմանը, որ հայ հասարակության մոտ մտահոգություններ կան խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ ԱԺ նախագահն ընդգծեց՝ այդ նույն մտահոգությունները մի փոքր այլ ձևակերպմամբ հնչում են նաև Ադրբեջանում։ Շեշտեց՝ պետք է շարունակել և քննարկել, որպեսզի մեկը մյուսի մտահոգությունները փարատի։ Վստահ է՝ ճանապարհը հեշտ չի լինելու, բայց իրագործելի է։
Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ «Խաղաղության պայմանագիրը» երկկողմ ձեռնտու է։ Հորդորեց՝ մի դիտակետից հարցին չնայել ու դիտարկել այն երկու կողմից էլ, քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը առաջ են տանում իրենց շահերը։
Sputnik Արմենիա
