Логотип

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆ». ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻՆ Է ՆԱ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին: Պետական մեղադրողը արքեպիսկոպոսի համար պահանջում է 2,5 տարվա ազատազրկում:

ԱՅՍ ՕՐՎԱՆ ԷԼ ՀԱՍԱՆՔ։ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆՈՒՄ» ԾԱԿԵՑԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՏԱԿԸ. ստալինյան բռնաճնշումներից հետո առաջին անգամ Եկեղեցու սպասավորը Հայաստանում կարող է ազատազրկման դատապարտվել քաղաքական դրդապատճառների վրա հիմնված մեղադրանքով՝ վերևից իջեցված պատվերով:

Հաճախ են ասում, որ ընդդիմությունը նախորդ տարիներին զանգվածային ակցիաների արդյունքում չհասավ իր առջև դրված նպատակին՝ Փաշինյանի հրաժարականին։ Այո, դա ճիշտ է: Բայց ընդդիմության ակցիաները գոնե դանդաղեցրին գահավիժումն անդունդ։ Հենց որ ընդդիմությունը «հոգնեց», մենք ականատես եղանք, թե ինչպես է պաշտոնական Երևանը «փակում Ղարաբաղյան շարժումը», ստորագրում Հայաստանի տարածքով Ալիևին ու Էրդողանին «միջանցք» տրամադրելու պարտավորության տակ։ Ինչպես են ի հայտ գալիս նոր քաղբանտարկյալներ, մեկը՝ «իր ձևով»-ի համար, մի խումբ ուրիշներ՝ միմյանց հետ խոսակցությունների, որոնք շուրջօրյա ռեժիմով գաղտնալսվել են Փաշինյանի ուժայինների կողմից։

Եվ ահա դատախազը պահանջում է ճաղերի հետևում փակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին այն բանի համար, որ վերջինս գաղտնի չի պահել իր այն մտքերը, թե ինչպես կարելի է կասեցնել Հայաստանի անկման գործընթացը և անկեղծորեն պատմել է այդ մասին ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

Դատախազը պահանջում է արքեպիսկոպոսին 2,5 տարվա ազատազրկման դատապարտել հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման կոչերի մեղադրանքով, ընդ որում նախկինում ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը մեկ այլ դատախազի միջնորդությամբ նույն մեղադրանքով դատապարտվել է… տուգանքի: Բայց դա 2024-ի հունիսին էր՝ ընդդիմության փողոցային ակցիաների թեժ պահին, ուստի մեղադրողն ու դատավորը «գթասիրտ» էին։

Հիմա ընդդիմությունը զբաղված է իմպիչմենտով։ Ավելի ճիշտ՝ իմպիչմենտի նախապատրաստմամբ։ Ավելի ճիշտ՝ իմպիչմենտի նախապատրաստման քննարկմամբ։ Ավելի ճիշտ՝ իմպիչմենտի նախապատրաստման քննարկման արդյունավետության քննարկմամբ։ Այնպես որ իշխանությունը կարող է հանգստանալ և ազատազրկում պահանջել անցանկալի հոգևորականի համար։

Այո, 2018-ին շատերն էին զգուշացնում Նիկոլ Փաշինյանի «սիրո և համերաշխության հեղափոխության» գալիք վտանգավոր հետևանքների մասին։ Բայց դժվար թե որևէ մեկը պատկերացներ անկման մասշտաբները. պատերազմ, Արցախի իսպառ ամայացում, սահմանամերձ տարածքների բռնազավթում, Բաքվի «արդարադատության» քմահաճույքին նետված հայ պատանդներ, քաղաքական բռնաճնշումներ ոչ միայն ակտիվ ընդդիմախոսների, այլև պարզապես այլախոհների դեմ։

«Ժողովրդավարության բաստիոն». ահա այսպիսին է նա։

Հասկանալի է նաև դատախազի մեղադրական ախորժակների ենթատեքստը։ Քանի որ Փաշինյանին չի հաջողվում լայնածավալ արշավ նախաձեռնել կաթողիկոսի դեմ, նա փաստացի դիմում է ճղճիմ շանտաժի։ Փաստորեն գործարք է առաջարկում Գարեգին Բ-ին. հրաժարական՝ արքեպիսկոպոս Աջապահյանի պատիժը մեղմելու դիմաց։

Ոչ մի նոր բան չկա այս արևի տակ: Պատերազմի մասին սովետական ֆիլմերում ֆաշիստները շանտաժում էին պարտիզաններին նրանց հարազատների նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքով:

Ընդդիմությունը լռում է, ուստի Փաշինյանը գնալով ավելի հազվադեպ է իրեն չափավորում արդարադատությանն ուղղած ցուցումներում։ «Մարտի 1-ի գործով» դատավճիռն արդեն վաղուց է կայացրել։ Ինչպես ասաց իր վերջին ճեպազրույցներից մեկում՝ «մարտի 1-ի գործը» բացահայտված է, մեղավորները մեղադրյալի աթոռին են։ Այսպիսին է անմեղության կանխավարկածը Փաշինյանի իշխանության օրոք։