Логотип

ԺՈՂՈՎՐԴԻՆ Ի՞ՆՉ ԱՌԱՋԱՐԿԵՆՔ` ՆԵՊԱ՞Լ, ԹԵ՞ ՖՐԱՆՍԻԱ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իշխանափոխության հարցը մշտապես եղել ու մնում է Հանրապետական կուսակցության օրակարգում։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ դրան հասնելու ամենաճիշտ և օպտիմալ տարբերակը կառավարությանն անվստահություն հայտնելն է, այսինքն՝ իմպիչմենտի գործընթացը։

Նշենք, որ երեկ խորհդարանում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ո՛չ հերքել, ո՛չ հաստատել էր վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով խորհրդարանական լսումներ նախաձեռնելու լուրը` ասելով` բոլոր գործիքները, իսկ խորհրդարանական լսումները գործիքներից մեկն է, իրենց զինանոցում են։

«Խորհրդարանը ոչ միայն խոսելու, այլև լսելու տեղ է, ով ականջ ունի՝ կլսի։ Հատկապես, որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, որոնք տարին 1-2 անգամ են հնարավորություն ունենում խոսել ԱԺ ամբիոնից՝ չլինելով պատգամավոր»,–նշեց Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահը հիշեցրեց, որ երեկ աշխարհում իշխանության փոփոխության հետ կապված 2 դեպք եղավ՝ Նեպալում և Ֆրանսիայում։

«Ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանը հեռացնելու կամ իմպիչմենտի ենթարկելու երկու ձև կա։ Մեկը Նեպալինն էր՝ բռնություններով, սպանություններով, մյուս ձևը Ֆրանսիայինն էր՝ խորհրդարանի միջոցով։ Հիմա մենք մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք»,–ավելացրեց Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։ Ընդդիմադիր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ կաջակցի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։

Sputnik Արմենիա