«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը տեսաուղերձի միջոցով ներկայացրել է «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման առաջարկները Գեղարքունիքի մարզի զարգացման վերաբերյալ:
Նա նշել է, որ Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենամեծ մարզերից մեկն է՝ շուրջ 216 հազար բնակչությամբ, սակայն համարվում է երկրի ամենաաղքատ մարզերից մեկը։ Վիճակագրության համաձայն՝ բնակչության 34%-ը, այսինքն՝ յուրաքանչյուր երրորդ բնակիչը, ապրում է աղքատության մեջ։
«Վերջին վեց-յոթ տարում Գեղարքունիքի մարզի բնակչությունը նվազել է շուրջ 14 հազարով։ Փաստացի, մեկ ամբողջ քաղաքին համարժեք թվով մարդիկ լքել են մարզը։ Այսօր այստեղ ավելի քան 60 հազար մարդ ապրում է աղքատության գծից ներքև․ նրանք չունեն բավարար միջոցներ անգամ սնունդ ապահովելու համար»,- ընդգծել է Կարապետյանը՝ հավելելով, որ շարժումը նպատակ ունի փոխել այս միտումը և զարգացնել մարզը։
Սևանը վերածել տուրիստական զոնայի, բայց ձմեռային
Առաջին առաջարկը, Կարապետյանի խոսքով, վերաբերում է Սևանա լճի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և նրա էկոլոգիայի պահպանմանը։ Շարժումը Սևանի զարգացման համար ներկայացնում է երեք ուղղություն․ առաջինը՝ լիճը վերածել տուրիստական զոնայի, բայց ձմեռային:
«Աշխարհում կան տարածաշրջաններ, օրինակ՝ շվեյցարական լճերը, Կանադայում շատ կա և ընդհանրապես աշխարհում լճային տուրիզմը բավական պոտենցիալով զարգացող ուղղություն է»,- նշել է «Մեր ձևով» շարժման համակարգողը:
Նրա գնահատմամբ՝ Սևանի տարածաշրջանում ձմեռային հանգստի մոդելի իրագործումը ոչ միայն հնարավորություն կտա ներգրավել միջազգային հյուրանոցային բրենդեր, այլև ժամանակի ընթացքում կդառնա զբոսաշրջային ներուժի զարգացման նոր խթան։ Կարապետյանը հավելել է, որ զբոսաշրջային ներուժը ներկայում գնահատվում է շուրջ 250 միլիոն դոլար, մինչդեռ ոչ զբոսաշրջային ներուժը Հայաստանի ՀՆԱ-ին բերում է մոտ 400 միլիոն դոլար, և ծրագրերի իրականացման պարագայում մեծ զարգացման հնարավորություն կլինի, քանի որ Սևանը զարգացման իրական հնարավորություն ունի։
Զարգացնել ձկնաբուծությունը
Հաջորդ առաջարկը վերաբերում է ձկնաբուծության զարգացմանը։ Շարժման նախաձեռնությամբ առաջարկվում է, որ Սևանի ամբողջ ափամերձ տարածքը բաժանվի երեք գոտու՝ զբոսաշրջային, ձկնաբուծական և ձկնորսական։ Կարապետյանի խոսքով՝ կոնցեպցիան նախատեսում է, որ այն տարածքներում, որոնք զբոսաշրջային են լինելու, արգելվելու է ձկնաբուծությունը, իսկ ձկնորսությունը թույլատրվելու է միայն որպես զբոսաշրջային ծառայություն։ Ձկնաբուծական գոտիներում հնարավոր կլինի ափից որոշակի հեռավորության վրա, Սևանի ջուրն օգտագործելով, ստեղծել ձկնաբուծարաններ։
«Եվ ինչու չէ, կարելի է փորձել նաև Նորվեգիայում հայտնի մոդելը՝ լճի մեջ ձկնաբուծական ֆերմա ստեղծելու կոնցեպցիան»,- նշել է նա:
Նա հավելել է, որ 2024-ին ՀՀ-ն արտահանել է 57 միլիոն դոլարի ձուկ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն․
«Շատ հետաքրքիր է, քանի որ լինելով ոչ ծովային երկիր՝ մենք կարողացել ենք մեր գործարարների աշխատասիրության հաշվին վերցնենք այդպիսի նշաձող և զարգացնել արտահանումը»,- ասել է Կարապետյանը:
Նրա խոսքով՝ էկոլոգները կարող են մատնանշել խնդիրը, որ ձկնակերը միշտ չէ, որ էկոլոգիապես մաքուր է։ Սակայն ընդգծել է՝ Նորվեգիայի փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է մշակել էկոլոգիապես մաքուր կեր և լուծել այդ հարցը։ Սա, ըստ Կարապետյանի, թույլ կտա Հայաստանում զարգացնել ձկնաբուծությունը՝ չօգտագործելով Արարատյան դաշտի խորքային ջրերը՝ այլ հիմնվել Սևանի բնական ներուժի վրա։
Խոսելով էկոլոգիայի մասին՝ Կարապետյանը նշել է, որ հրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկն այն է, որ մինչ այժմ բազմաթիվ ընկերությունների կեղտաջրերն ու կոյուղաջրերը թափվում են ուղիղ Սևանա լիճ, ինչը չի կարող համարվել ընդունելի որոշում այն տարածքի համար, որը համարվում է էկոլոգիապես մաքուր։
Նա ընդգծել է, որ եթե ձկնաբուծությունը զարգանա իրենց առաջարկած մոդելով, ապա Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանները հնարավորություն կունենան ներգրավել ներդրումներ։ Կարապետյանի խոսքով՝ օրինակ մարտունեցին, ով Ռուսաստանում գումար է վաստակել, կկարողանա վերադառնալ հայրենիք, ներդրում կատարել իր կամ հարևան գյուղում, հիմնել ձկնաբուծարան և այնտեղից արտահանել իր արտադրած ձուկը։ Կարապետյանը հավելել է, որ այս մոտեցումը թույլ կտա ոչ միայն աշխատուժ արտահանել, այլև արտադրանք՝ մասնավորապես ձկնամթերք։
Կարապետյանի խոսքով՝ Գեղարքունիքի զարգացման երրորդ ուղղությունը ձկնորսությունն է։ Նա նշել է, որ Սևանի տարածաշրջանի շատ գյուղեր ապրում են հենց ձկնորսությամբ, և 90-ականներին անգամ ասում էին․ «Ծովը մեզ կերակրեց»։
Նրա ներկայացրած առաջարկներից է ստեղծել Սևան ազգային պարկին կից կառույց, որը կզբաղվի ձկան գլխաքանակի ավելացմամբ։ Կարապետյանը հիշեցրել է, որ այսօր Սևանա լճում սիգի գլխաքանակը հասել է ընդամենը 2500 տոննայի։
«Մեր առաջարկն է, որպեսզի Սևան ազգային պարկն ստեղծի ձկների, մանրաձկների բազմացման կենտրոն և դրանք թողնելով Սևանա լիճ՝ հնարավորություն տա ավելացնելու իշխանի ու սիգի գլխաքանակը»,- ընդգծել է նա։
Կարապետյանը հավելել է, որ այդ դեպքում հնարավոր կլինի վաճառել քվոտաներ՝ տարբեր ձկների համար 150-200 դրամ արժողությամբ։ Ստացված գումարը կուղղվի մանրաձկների բազմացման և լճում բաց թողնելու ծրագրերին։ Նա նաև նշել է, որ այսօր կան մանրաձկների աճեցման որոշ ֆերմաներ («Սևանի իշխան»), սակայն դրանց ծավալն այնքան սահմանափակ է, որ չի կարող ապահովել լճի բնական վերարտադրության պահանջները։
Վարդենիսի տարածաշրջանը՝ հացահատիկի աճեցման մասնագիտացված գոտի
Կարապետյանն առաջարկել է, որ Վարդենիսի տարածաշրջանը և Շիրակի մարզը դառնան հացահատիկի աճեցման մասնագիտացված գոտիներ։ Նրա խոսքով՝ Վարդենիսը խորհրդային տարիներին աչքի էր ընկնում բարձր պոտենցիալով:
«Միայն 1981 թվականին այստեղից հավաքվել է շուրջ 9200 տոննա ցորեն, ինչը Հայաստանի համար մեծ թիվ էր»,- նշել է նա։
Կարապետյանը հիշեցրել է նաև, որ այսօր Հայաստանը հացահատիկ ներմուծող երկիր է․ տարեկան ներմուծվում է շուրջ 300 հազար տոննա, մինչդեռ ներքին արտադրությունը չի գերազանցում 130 հազար տոննան։
«Եթե Սևանում կարողանանք ապահովել ձմեռային տուրիզմի կոնցեպցիա և դրա արդյունքում կարողանանք բերել ներդրողների, եթե կարողանանք ձկնաբուծության, էկոլոգիապես մաքուր առաջարկ անել Սևանի բնակիչներին, որպեսզի նրանք Ռուսաստանից գալով հնարավորություն ունենան իրենց աշխատած գումարը ներդնեն և ձկնաֆերմաներ սարքեն, և եթե այն բնակիչները, որոնք զբաղվում են ձկնորսությամբ, հնարավորություն ունենան քվոտայով գնեն և իրենց ուզածի չափով ձկնորսություն անեն, այս պարագայում մենք կունենանք դինամիկ, զարգացող շրջան»,- եզրափակել է Կարապետյանը։
Օգոստոսի 29-ին Երևանում տեղի էր ունեցել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման շնորհանդեսը։ Շարժումը, որն աշխատել է 5 ուղղությամբ, ծրագրային աշխատանքները կավարտի 4-5 ամսվա ընթացքում, որից հետո քաղաքական հայտ կներկայացնի։