ՀՀ իշխանությունները որոշել են հստակ ձևակերպումներ տալ, թե ինչ է «իրական Հայաստանի» գեղագիտությունը։ Այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Այս պահին նախագծին կողմ է քվեարկել քաղաքացիների 68 տոկոսը, դեմ` 32 տոկոսը։
«Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ։ Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև ՀՀ բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում է»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Ըստ որոշման նախագծի հեղինակների` մինչ օրս նկարագրված չի եղել իրական Հայաստանի գեղագիտությունը, ավելին՝ այն, ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիր հաճախ հակոտնյա է իրական Հայաստանի գաղափարին կամ ենթադրում է իրական Հայաստանի չգոյություն, կամ դիտում է իրական Հայաստանը իբրև ժամանակավոր ու պարտադրված հանգրվան։
Նախագծի մեջ նաև ասված է, որ Հայաստանի գեղագիտության ձևավորման առանցքային գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը եղել է խաղաղության բացակայությունը, որ էապես ազդել է կենցաղային և բեմական բովանդակության միջև անջրպետի խորացման վրա։ Այդ իսկ պատճառով, ըստ հեղինակների` քրեական, օլիգարխիկ կենցաղը և ճաշակը մատուցվում էին իբրև ազգային, հայաստանյան և հայեցի, իսկ հայրենասիրությունը ձևակերպվում էր իշխող ուժերի կողմից փաթեթավորված պաթետիկ ռազմատենչության և անժամանակ ու անսահման՝ ինչ-որ իմաստով ի վերուստ տրված հավերժական Հայաստանի պատկերացման վրա:
«Այսպիսով, բեմ և էկրաններ են բարձրացել ժամանակի վերնախավի թելադրած գաղափարախոսական պաթոսն ու վերամբարձությունը, և նույն այդ ժամանակի վերնախավի կենցաղային բառապաշարը և արժեքները՝ փառաբանելով «ճարպկությունը», անօրինական հարստացումը, բռնության և քրեական ենթամշակույթը կրող անձանց բարոյականությունը, սովորական ժողովրդի զոհականացումը և այլն»,– նշված է որոշման նախագծում:
Բացի այդ, ըստ նախագծի հիմնավորման` Հայաստանում ուրախության ու դրականի հանդեպ երբեմն քամահրական, երբեմն զգուշավոր վերաբերմունք է եղել. տխրությունը դիտվել է իբրև ավելի վերամբարձ ու, հետևաբար, ներկայացմանը արժանի զգայական բովանդակություն, քան ուրախությունն ու կենսասիրությունը։
«Բեմական նման բովանդակությունն աջակցել է պատերազմի քաղաքականությանը, որի հետ հաշտ է վշտի ու տառապանքի թեման։ Ուրախության և կենսասիրության զգայական բովանդակությունը անխուսափելիորեն փոխկապված է խաղաղությանը»,– վստահեցնում են նախագծի հեղինակները։
Իրական Հայաստանի գեղագիտության հետագա որակական զարգացման համար, ըստ նախագծի` պետք է պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։
«Խաղաղության խոսույթը պետք է ներառի աջակցության ծրագրեր համատեղ նախաձեռնություններին՝ համատեղ կինոարտադրության, փառատոնների, ցանկացած այլ ձևաչափով, որտեղ կա մարդկային շփման հնարավորություն, մյուսի տեսանկյունը լսելու և հասկանալու հնարավորություն»,– ընդգծել են հեղինակները։
Նախագծով իրական Հայաստանի գեղագիտությանը անհրաժեշտ է աջակցել առաջին հերթին կրթական համակարգում և պետության կողմից ֆինանսավորվող և իրականացվող ծրագրերում՝ որպես բացառիկ առաջնահերթություն դիտարկելով իրական Հայաստանի պատկերման և ներկայացման հնարավորությունները։
Բացի այդ, ուսումնական հաստատությունները պետք է ունենան միջոցառումների ուղեցույց, որը կուղղորդի պատշաճ ուշադրություն դարձնել կրթական բովանդակությանը՝ նվազեցնելով պաթետիկ դրսևորումները։
«Իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր է պաթոսին և անբովանդակ, վերամբարձ ճոռոմաբանությանը։ Չկա որևէ արվեստային ձև, որին հակադիր լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը։ Այն պետք է լինի ներառական և ներկայացնի բոլոր ձևերը։ Արժեքային և սկզբունքային շեշտադրումներն ու քննադատական, վերլուծական մտածողությունն է, որ պետք է բնորոշեն Իրական Հայաստանի գեղագիտությունը»,– շեշտել են նախագծի հեղինակները։
Այս ամենն, ըստ նախագծի` պետք է հաղթահարի հայաստանյան հանրության ամենամեծ խնդիրներից մեկը՝ կեղծավորությունն ու ձևականությունը` գեղագիտությունը դարձնելով արվեստային և մշակութային ձևերի միջոցով ազնիվ խոսակցություն ճշմարտության մասին։
Հանրային քննարկում անցնելուց հետո որոշման այս նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը։
Sputnik Արմենիա