Логотип

Ի՞նչ կա էդտեղ զարմանալու. Հ1-ի գործադիր տնօրենը` Հովհաննավանքից ուղիղ եթերի մասին

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը ուղիղ եթերով՝ յութուբյան էջով, լուսաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հովհաննավանքում կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագը», քանի որ այն հանրությանը հետաքրքրող իրադարձություն է։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Նա հիշեցրեց, որ «Հանրային» ՀԸ–ից բացի նաև այլ լրատվամիջոցներ են լուսաբանել։

«Ինչո՞ւ են մյուսները լուսաբանում։ Այս հարցին ես կպատասխանեմ, որովհետև իրադարձություն է, որը հետաքրքիր է հանրությանը, և լրատվամիջոցները որոշել են լուսաբանել, այդ թվում՝ նաև ուղիղ եթերում, և Հանրայինն է լուսաբանում։ Կիրակի օրը տեսա զարմանք, բայց ես զարմանում եմ, թե ինչ կա այնտեղ զարմանալու, եթե իրադարձություն է, որը լրատվամիջոցը լուսաբանում է։ Ինչի՞ չի կարող Հանրային լրատվական ծառայությունն իր յութուբյան էջում լուսաբանել, եթե տասնյակ լրատվամիջոցներ ուղիղ եթերով լուսաբանում էին»,– շարունակեց նա։

Մովսիսյանը համակարծիք չէ, թե հարկատուների հաշվին գործող «Հանրային» ՀԸ–ն անտեսում է Մայր Աթոռի պատարագների լուսաբանումը՝ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ սկսած արշավով։

«Հանրայինն է Մայր Աթոռի միջոցառումների ուղիղ եթերն ապահովում, վերջինը Մայր Աթոռի վերաօծման արարողոթյունն էր, որը Հանրայինը ապահովել է բոլոր հեռարձակողների համար։ Հանրայինի մասնագետներն աշխատել են տաճարի տեխնիկական վերազինման ուղղությամբ, որ Մայր Աթոռից ուղիղ եթերները կազմակերպվեն պատշաճ ձևով»,– ասաց Մովսիսյանը։

Հարցին՝ կիրակի օրը, երբ Հովհաննավանքի «պատարագին» զուգահեռ Էջմիածնում Հայրապետական մաղթանք էր՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով, որը կրկին տասնյակ լրատվամիջոցներ լուսաբանում էին, ինչո՞ւ Հանրայինը չլուսաբանեց, Մովսիսյանը պատասխանեց, թե դիմում չի եղել։

«Ընթացակարգով, երբ Հանրայինը որևէ պատարագ է լուսաբանում, պաշտոնապես տեղեկացնում են նամակով, քննարկվում է. դա մեծ աշխատանք է։ Դա մեկ կամերայով ուղիղ եթեր չէ, ինչպես Հովհաննավանքում, այլ մեծ իրադարձություն։ Դիմում են, և քննարկվում է, այս պարագայում որևէ դիմում չի եղել»,– ընդգծեց Հովհաննես Մովսիսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ հռչակվեց տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): Իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հրաժարվեց ընդունել կաթողիկոսի որոշումն ու հոկտեմբերի 26-ին «պատարագ» հայտարարեց Հովհաննավանք եկեղեցում։ Այդ միջոցառմանը մասնակցեց նաև Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցում էին իր թիմակիցները` նախարարներ, պատգամավորներ, ինչպես նաև մեծ թվով ուժայիններ։

Դրան զուգահեռ նա կրկին քննադատեց Գարեգին Բ կաթողիկոսին՝ հայտարարելով, որ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը «երկրի հոգևոր կյանքը տարել է փակուղի և խախտել կուսակրոնության սկզբունքները»: Փաշինյանը նշեց, որ աղոթքները շարունակելու է Հովհաննավանքում, ապա արդեն՝ Մայր աթոռում։ Փաշինյանը Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին» մասնակցեց նաև անցած կիրակի` նոյեմբերի 2–ին, այդ անգամ։

Զուգահեռ Մար Աթոռ սուբ Էջմիածնում ընթանում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով պատարագը։

Sputnik Արմենիա