Логотип

Ի՞նչ փոխվեց․ Վահան սրբազանը հիմա էլ ճգնաժամ է տեսնում եկեղեցու կառավարման ներսում

Մայր աթոռի եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը ճգնաժամ է տեսնում եկեղեցու կառավարման ներսում։ Այդ մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ կառավարության և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միջև հակասությունը գնալով խորանում է, ինչը հարվածել է նաև իր հոգևոր կոչմանը:

«Մեր ժողովրդից շատերն այժմ զգում են, որ Մայր աթոռի առաջնորդությունը հեռվացել է հավատացյալներից, փոխարենը քայլում է հարուստ և ազդեցիկ շրջանակների հետ: Չափազանց շատ որոշումներ են կայացվում փակ դռների հետևում, որոշ հոգևորականներ ընկղմվում են ժամանակավոր քաղաքականության մեջ, քան աղոթքի և Սուրբ գրքի ուսումնասիրության մեջ: Ավելին, կա աճող կոնսենսուս, որ եկեղեցական իշխանությունը ներքաշվել է քաղաքական պայքարի մեջ, որը վնասում է ինչպես եկեղեցու հավատացյալներին, այնպես էլ մեր ազգի խաղաղությանը»,- գրել է սրբազանը։

Վահան եպիսկոպոսը միաժամանակ կարևորել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ղեկավարման տարիները՝ ընդգծելով, որ այս տարիներին Սուրբ Էջմիածինը վերականգնվեց և ամրացավ, մեր հոգևոր կենտրոնի արժանապատվությունը տեսանելիորեն բարձրացավ, և այս ծառայությունն արժանի է անկեղծ երախտագիտության: Զուգահեռաբար հոգևորականը ՀՀ կառավարության դերն է ընդգծել, որը, ըստ նրա, կրում է խաղաղության, հասարակական կարգի և մեր հայրենիքի անվտանգության ծանրակշիռ մանդատ, որը հարգել է պետք։ Ինչ վերաբերում է եկեղեցու նորոգությանը, ապա ըստ Վահան սրբազանի՝ այն պետք է լինի սեփական օրինական և կանոնական կյանքի ներսից:

«Պետությունը լավագույնս ծառայում է եկեղեցուն՝ հարգելով նրա դարավոր ավանդույթներն ու կանոնները, եկեղեցին լավագույնս ծառայում է պետությանը` հաստատուն մնալով իր հոգևոր առաքելության մեջ, հրաժարվելով ընկղմվել ժամանակավոր խռովության մեջ: Այս պատճառով այս ճգնաժամի հանգուցալուծումը չի կարելի փնտրել Հայաստանի ընտրված կառավարության անկման մեջ»,- գրել է հոգևորականը։

Նա կարևոր է համարել Ազգային եկեղեցական ժողովի ժամանակին գումարումը՝ հավատացյալների կողմից անվերապահ վստահելի ձևով։ Սրբազանը շեշտել է, որ հայ ժողովուրդն արժանի է մի եկեղեցու, որն առաջնորդվում է Ավետարանով և մեր նախնիների սրբազան ավանդույթներով, այլ ոչ թե քաղաքական հռետորաբանությամբ կամ քաղաքականացված հոգևորականության աշխարհիկ նկրտումներով:

Sputnik Արմենիա