Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Աքբարզադեն հայտնել է, որ հարևան երկրներին պաշտոնապես տեղեկացվել է, որ Իրանը նրանց համարում է բարեկամ պետություններ, բայց եթե նրանց ցամաքային, օդային կամ տարածքային ջրերն օգտագործվեն իսլամական հանրապետության դեմ, նրանք կհամարվեն թշնամական։
Նրա խոսքով՝ հարևանների արձագանքը դրական է եղել, նրանք այդ մտահոգությունները փոխանցել են Միացյալ Նահանգներին և Իսրայելին։
ԻՀՊԿ ռազմածովային ուժերի տեղակալը նշել է, որ «եթե հակամարտությունը պարտադրվի, Իրանի պատասխանը կլինի ավելի կոշտ և վճռական, քան երբևէ»։
Աքբարզադեն նաև նշել է, որ երկրի պաշտպանական պատրաստվածությունը, մասնավորապես՝ օդային պաշտպանության ոլորտում, գտնվում է չափազանց բարձր մակարդակի վրա։
Նրա խոսքով՝ երկրի բոլոր բարձրաստիճան ռազմական և քաղաքական առաջնորդները միակարծիք են. եթե պատերազմ սկսվի, Իրանը նույնիսկ միլիմետր չի նահանջի, և նրա շարժումը կլինի բացառապես միայն առաջ։ Խոսելով Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակության մասին՝ Աքբարզադեն նշել է, որ այս տարածաշրջանի կառավարումը դուրս է եկել ավանդական մեթոդների շրջանակից և դարձել է լիովին ինտլեկտուալացված։
Նա հայտնել է, որ Իրանը իրական ժամանակի ռեժիմով տվյալներ է ստանում նեղուցի «ջրի տակից, մակերեսից և օդային տարածքից», ինչը թույլ է տալիս ճշգրիտ որոշել, թե որ նավերը և որ դրոշի տակ իրավունք ունեն անցնել և որոնք՝ ոչ։
Աքբարզադեն ավելացրել է, որ Իրանը շահագրգռված չէ վնասել համաշխարհային տնտեսությանը, բայց մտադիր չէ թույլ տալ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին շահույթ ստանալ իրենց սանձազերծած պատերազմից։
Եթե մինչ այժմ այդ երկրների պարենային անվտանգությունը, էներգետիկան և առևտուրն ապահովվել է ի հաշիվ այս երթուղու, ընգծել է Աքբարզադեն, ապա այսօր Իրանը կարող է այդ անվտանգությունը վերածել անկայունության գործոնի։
Եզրափակելով՝ նա նշել է, որ արդեն հայտարարված հնարավորություններից բացի, Իրանն ունի նաև այլ միջոցներ, որոնք կհայտարարվեն հարմար ժամանակ։
News.am
