Логотип

ԻՆՉՈ՞Ւ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ «ՉԻ ԿԱՐԵԼԻ» ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՐՑԱԽ, կամ՝ Ո՞ՒՄ և ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԱԶԴԱՆՇԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ

Սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ ամբիոնից Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, թե «փախստականների վերադարձն Արցախ իրատեսական չէ», բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց: Այդ թվում՝ կիպրոսցի պատգամավորի կողմից, որը նրան համապատասխան հարց տվեց։ «Մենք համոզված ենք, որ միջազգային իրավունքը պետք է պահպանվի ցանկացած համաձայնագրում»,- Alpha News-ին տված հարցազրույցում հայտարարեց Ջորջ Լուկայդեսը: ԵԽԽՎ մեկ այլ կիպրոսցի պատգամավոր Կոնստանտինոս Էֆստատիուն ավելի կտրուկ արտահայտվեց. «Հայաստանի վարչապետն իրավունք չունի նման հայտարարություն անել, որովհետև Մարդու իրավունքները պատկանում են յուրաքանչյուր անհատի»:

ԱՎԱՂ, ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է, որի համար իրավունք հասկացությունը, ինչպեսև միջազգային հանրության կողմից հաստատված մյուս բոլոր կատեգորիաներն ու նորմերը լիովին ստորադասված են նրա հակահայկական և անձնական շահադիտական նպատակներին, ապա ամեն ինչ հնարավոր է: Եվ վերջին մի քանի տարիներին արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ օտարերկրյա քաղաքական և այլ գործիչներ շատ ավելի հայամետ, ավելի բարոյական ու մարդասիրական մոտեցում են ցուցաբերել Հայաստանի տարբեր խնդիրների նկատմամբ, քան նույն այդ «վարչապետը»։

Բայց խոսքն այժմ նրա բացահայտ հակահայկական հայտարարության այլ տեսանկյունների մասին է։

Ինչո՞վ պատճառաբանեց Նիկոլն իր դիրքորոշումը։ Դե, կրկին նրանով, ինչով բացատրում է իր մյուս բոլոր արարքներն ու մտադրությունները, դա, իբր, «վտանգավոր է խաղաղ գործընթացի համար»։ Այսինքն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացումը, որը երաշխավորված է միջազգային դաշնագրերով ու կոնվենցիաներով և հաստատված ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 17-ին, վտանգավոր է այն «խաղաղ գործընթացի» համար, որն իրականացնում են Փաշինյանն ու Ալիևը։

Եվ ոչ ոք առ այսօր չի բարեհաճել տալ մի շատ պարզ հարց. այդ ինչո՞ւ ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան, ինչի ջատագովների դերում բազմիցս հանդես են եկել Նիկոլի թիմակիցները (հենց նույն Ալեն Սիմոնյանը), վտանգավոր չէ «խաղաղ գործընթացի» համար, իսկ արցախցիների վերադարձն իրենց Հայրենիք, իրենց տներ, իրենց սրբավայրեր, վտանգավո՞ր է։ Այդ ինչո՞ւ ադրբեջանցիները կարող են հենց այդ «խաղաղ գործընթացի հայեցակարգի» շրջանակներում ապրել Հայաստանում, իսկ արցախցիները չեն կարող ապրել իրենց հողի վրա, որտեղ հայերն ապրել են հազարամյակներ շարունակ։

Այս հարցի պատասխանները կարող են մի քանիսը լինել: Օրինակ, որովհետև դրան դեմ են թուրքերը։ Գործած ոճիրների համար բացարձակ անպատժելիության մթնոլորտում, հաշվի առնելով այն ինդուլգենցիան, որը տրված է Բաքվի ռազմական հանցագործներին, Ալիևն արդեն կարիք չունի ստեղծել «հանդուրժողականության» նույնիսկ երևութականություն և թույլ տալ, որ Արցախում թեկուզ մեկ հայ լինի։

Մեկ այլ վարկած. Նիկոլը շատ լավ գիտի, որ հայերի վերադարձն Արցախ մեծ վտանգ է պարունակում Ադրբեջանի կազմում նրանց կյանքի համար։ Ոչ, իհարկե, այդ սուբյեկտին մտահոգում են բնավ ոչ վերադարձի դեպքում արցախցիներին սպառնացող գոյաբանական վտանգները։ Նրան մտահոգում է միայն այն, որ անխուսափելիորեն կբարձրացվեն միջազգային երաշխիքների, հատուկ կարգավիճակի, ինքնավարության աստիճանի և այլ հարցեր: Հատկապես հաշվի առնելով այն, որ հայատյացության աստիճանը Բաքվի սուլթանությունում ոչ միայն չի նվազում, այլև հակառակը՝ աճում է: Դրա հերթական վկայությունը այդ երկրում անցկացվող ԱՊՀ խաղերի բացման արարողությունն էր, որի լեյտմոտիվներն էին տխրահռչակ «երկաթե բռունցքը» և «44» թիվը։

ՆԻԿՈԼԻՆ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՊԵՏՔ ՉԷ, ՃԻՇՏ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍՈՐ ՊԵՏՔ ՉԷ ԱԼԻԵՎԻՆ։ Նրանց երկուսին էլ պետք է, որ Արցախի հարցը փակվի ոչ միայն «խաղաղ գործընթացի» այս փուլում, այլև ընդհանրապես, ապագայի, ընդ որում՝ երկարաժամկետ ապագայի նշանառությամբ։ Նիկոլին պետք չեն նաև արցախցիները Հայաստանում, թեև նա երեսպաշտորեն պնդում է, թե «հայրենակիցների» ապագան տեսնում է ՀՀ-ում։ Նա նույնիսկ փորձում է բացառել նրանց մեկտեղի բնակությունը երկրում, որպեսզի մեկընդմիշտ ոչնչացնի Արցախ և արցախցի բուն հասկացությունը որպես ընդհանրություն, որպես վառ ինքնատիպ երևույթ, որպես հայ ժողովրդի եզակի մաս։

Այս հարցում էլ թուրքական ռազմավարական նպատակների հետ Նիկոլի դիրքորոշման կատարյալ համընկնման մասին խոսելը, կարծում ենք, վաղուց ավելորդ է։

Սակայն կա ևս մեկ տեսանկյուն։ Բնավ պատահական չէր, որ հայտարարությունը հնչեց հենց Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից։ Մի կողմից, դա կարելի է որոշակիորեն դիտարկել որպես Արցախի հարցը փակելուն ուղղված սեփական ջանքերի ապարդյունության ընդունում, մյուս կողմից՝ որպես ազդանշան միջազգային հանրությանը։ Հատկապես այն քաղաքական և հասարակական ուժերին (ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում), որոնք չեն դադարեցնում հարցը միջազգային օրակարգ վերադարձնելու, արդիականացնելու և դրա լուծմանը հասնելու փորձերը։

Այդ ազդանշանն առավելևս ակնհայտ է, եթե նկատի առնենք, որ Փաշինյանը բնավ առաջին անգամ չէ դիմում իր և Ալիևի համար անցանկալի զարգացումների ճանապարհին պատնեշ դնելու այս եղանակին։ Այդպես էր 2021-2022 թվականներին, երբ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները բանաձևեր ընդունեցին՝ կոչ անելով իրենց կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը, բայց նախարարներից մեկը քննարկումների ժամանակ բացահայտ հայտարարեց, որ Հայաստանի իշխանություններն իրենց առջև նման պահանջներ չեն դնում։

Այդպես էր 2023 թվականի սեպտեմբերին, երբ շուրջ 10 ամիս շրջափակման մեջ գտնվող, ցեղասպանության ենթարկվող Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծված ռազմական ագրեսիայի խորապատկերին Նիկոլն ի լուր աշխարհի հայտարարեց, թե «Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը սպառնացող անմիջական վտանգ չկա»։ Դա ասվեց այն ժամանակ, երբ արդեն հայտնի էր խաղաղ բնակչության շրջանում զոհերի, այդ թվում երեխաների դաժան սպանության մասին։ Եվ դա Ալիևին նետված փրկօղակ էր, որը վերջինս մեծապես օգտագործեց և՛ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, և՛ հետագայում ՝ արցախցիների էթնիկ զտումներն ու բռնի տեղահանումն արդարացնելու համար։

Այդպիսին է իրավիճակը նաև Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարցում։ ՀՀ իշխանությունները կտրականապես հրաժարվում են դիմել որևէ երկրի, մասնավորապես՝ Շվեյցարիային, հյուպատոսական ծառայություններ պատվիրակելու համար։ Դա չի արվում նույնիսկ հիմա՝ ԿԽՄԿ ներկայացուցչության փակման պայմաններում, թեև Շվեյցարիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են ընդառաջել՝ Հայաստանի պաշտոնական դիմումի առկայության դեպքում։

ԵՐԵԿ, ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ, Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը պատմեց, որ ֆրանսիացի պատգամավորների խումբը դիմել այդ երկրի արտգործնախարարին՝ խնդրելով աջակցել գերիների ազատ արձակման հարցում։ Վերջինս հրաժարվել է՝ փաստարկավորելով, որ ՀՀ իշխանություններն իրենց չեն դիմել։

«Հայաստանի իշխանությունների վերջին քայլերի պատճառով Ֆրանսիան «ձեռքերը լվաց» հայ գերիների հարցում։ Եթե Հայաստանի իշխանություններն իրենք չդիմեն միջազգային հանրությանը և չբարձրաձայնեն, ապա գերիների հարցը չի կարող լուծվել»,- հայտարարեց Չոբոյանը։

Հենց այդ մասին էր Նիկոլն ազդանշանում միջազգային հանրությանը Ստրասբուրգում. ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն չեն ճանաչում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, այլև չեն ցանկանում այդ հարցի որևէ քննարկում որևէ ձևաչափով ու մակարդակով։ Նրան, ինչպեսև, անկասկած, Ալիևին սաստիկ անհանգստացնում է խնդրի ակնհայտ արդիականացումը և այդ ուղղությամբ մի շարք կազմակերպությունների, այդ թվում՝ «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության» և «Միջազգային քրիստոնեական համերաշխության» գործունեությունը, և նա եռանդագին ձգտում է կասեցնել այդ ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերը։

Օրերս, ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը, Արցախի նախկին պետնախարար և նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ վերջերս անցկացված հարցման արդյունքներով՝ արցախցիների 87%-ը ցանկանում է վերադառնալ հայրենիք: Ուրեմն ո՞ւմ անունից է ճամարտակում Նիկոլը ԵԽԽՎ ամբիոնից։

Պատասխանն ակնհայտ է. Ալիևի անունից և նրա հանձնարարությամբ, որը հասկանալի պատճառներով չի կարող բացեիբաց հայտարարել իրենց Հայրենիք Արցախի իրական տերերի վերադարձի անհնարինության մասին։ Այլ տարբերակ պարզապես չկա։