Նման խնդիրներ պարբերաբար են ծագում համակարգում, բայց կարճ ժամանակ անց բոլոր խափանումները կարգավորվում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը` խոսելով այսօր հայկական և արտերկրի լրատվական և մի շարք այլ կայքեր գրանցված խափանումներից։
Նշենք` հայկական և արտերկրի լրատվական և մի շարք այլ կայքեր այսօր խափանումներ են ունեցել, օգտատերերը չեն կարողացել մուտք գործել շատ կայքեր։ Պատճառը Cloudflare–ում (ամերիկյան ընկերություն է, որը տրամադրում է CDN ծառայություններ, պաշտպանություն DDoS հարձակումներից, ռեսուրսների անվտանգ հասանելիություն և DNS ծառայություններ–խմբ.) ծագած խնդիրներն են եղել։
Սաղյանը վստահ է` Cloudflare–ի նման համաշխարհային կազմակերպությունն այս խնդիրը կլուծի, միայն հարկավոր է համբերատար սպասել, մինչև ամեն ինչ կվերականգնվի։
«Եթե տեղային միջամտությամբ փորձենք խնդիրը լուծել, որպեսզի կայքերը սկսեն աշխատել, այդ դեպքում կայքերը պետք է դուրս գան Cloudflare համակարգից, իսկ դա մեծ ռիսկի տակ կարող է դնել նրանց. հարձակման դեպքում նրանք խոցելի ու անպաշտպան կլինեն, մասնավորապես, DDoS հարձակումների դեպքում»,– ընդգծեց նա։
Սաղյանը չի կարծում, թե թիրախավորված հարձակում է եղել Cloudflare–ի վրա, նա այն համոզմանն է, որ նման խնդիրներ պարբերաբար են ծագում համակարգում. կարճ ժամանակ անց բոլոր խափանումները կարգավորվում են։
Ինչ վերաբերում է պետական գերատեսչությունների կայքերին, ապա ըստ նրա` դրանք էլ ավելի պաշտպանված են ու գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ուղիղ վերահսկողության տակ։
«Միակ խորհուրդս է բոլոր կայքերին` համբերատար սպասել, ուրիշ ոչ մի բան չեն կարող անել տվյալ դեպքում»,– եզրափակեց Սաղյանը։
Նրա խոսքով` ավելի լավ է կարճ ժամանակ ունենալ անհարմարություն, քան թե դուրս գալ Cloudflare–ից ու դառնալ խոցելի DDoS հարձակումների նկատմամբ:
Նշենք, որ DDoS հարձակումների դեպքում միանգամից մեկ միլիոնից ավելի հարցում է ավտոմատ ուղարկվում հիմնականում վարակված սարքերից տվյալ կայքի վրա։ Նման հարձակման դեպքում կայքը չի հասցնում արձագանքել, արդյունքում գերծանրաբեռնվում է ու կորցնում տեսանելիությունը։
Sputnik Արմենիա
