Логотип

Ինչո՞ւ եք պիտակավորում մի ամբողջ սերնդի. նախարարը` թմրամիջոցների շրջանառության մասին

Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների շրջանառության մասին ցանկացած գրառում կամ հանրային տիրույթում ցանկացած միտք ենթարկվել է ստուգման։ Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ հավաստիացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը` անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե անչափահասների շրջանում թմրամիջոցների համատարած շրջանառություն կա։

Նախարարը վստահեցրեց, որ շատ մտահոգությամբ և հոգատարությամբ է վերաբերվում բոլոր այս խնդիրներին, որոնք արձանագրվում են։

Նրա խոսքով, երբ ոստիկանության աշխատակիցն այցելում է բնակության վայրեր և հարցնում` տվյալ գրառման ներքո կա՞ որևէ դեպք, որը կարող է տրամադրվել ոստիկանությանը, որպեսզի պատշաճ քննություն ընթանա, և հասկանալի լինի` ո՞ր դպրոցում կա թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, մինչ այս պահը նախարարությունն ունեցել է զրո հաղորդում և օպերատիվ ճանապարհով փոխանցվող զրո տվյալ։

«Զրո տվյալ համացանցում տեղադրվող հաղորդումների վերաբերյալ։ Ես հիմա կարո՞ղ եմ ասել, որ հանցավորության մասով այն աղմուկը, որ կա, դա մեդիա տիրույթի աղմուկ է` չթիրախավորելով որևէ մեկին։ Թմրամիջոցների ի՞նչ ապօրինի շրջանառության մասին եք խոսում, ինչո՞ւ եք պիտակավորում մի ամբողջ սերնդի, երբ չկա հավաստի տվյալ, ինչո՞ւ ենք ուզում մեր անչափահասներին վերագրել մի բան, որը իրականությանը չի համապատասխանում»,– բարկացած հայտարարեց Սարգսյանը` ավելացնելով, որ, այո, կան բացառիկ դեպքեր, որոնց մասին իրենք չեն խուսափում ու խոսում են։

Այդ մասով, նախարարի վստահեցմամբ, իր ղեկավարած գերատեսչությունում խստացվել է քաղաքականությունը, և որևէ փորձ չի արվում ծածկադմբոց անել կամ խղճալ ինչ–որ մեկին, կամ մտածել ինչ–որ մեկի հեղինակության մասին, այլ մտածում են միայն պետության և երեխաների հեղինակության մասին։

Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն 9 միջնորդություն է ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարին` հետաքրքրվելով, թե արդյոք տվյալ դպրոցը տեղյա՞կ է` եղել նման դեպքի մասին ու չի հայտնել ոստիկանությանը։

«Վստահ եմ, որ տիկին Անդրեասյանը կիսում է այս մտահոգությունը, ու բոլոր դեպքերին մենք ընթացք տալու ենք»,– վստահեցրեց նախարարը։

Նա ընդգծեց, որ առաջնորդվելու է միայն փաստերով, այլ ոչ թե էմոցիաներով, որպեսզի թույլ չտա պիտակավորել անչափահասներին։ Սարգսյանն ասաց, որ ՆԳՆ–ն առավել կենտրոնանալու է ներմուծման–արտահանման շղթայի վրա, այլ ոչ թե գնալու է պոպուլիստական ճանապարհով` 100 հազարավոր մանր դեպքերի հետևից` տեսադաշտից դուրս թողնելով կամ չտեսնելու տալով տասնյակ կիլոգրամներով թմրամիջոցի ծավալը, որը կարող է մուտք գործել Հայաստան կամ մեր երկիրը դառնա դրա տարանցիկ ուղին։

Նախարարը հիշեցրեց, որ միայն 2025 թվականին 768 կգ թմրամիջոց հենց այս տրամաբանության արդյունքում է դուրսբերվել շրջանառությունից։

Sputnik Արմենիա