Логотип

Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով քննիչը. պարզաբանում

ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է, որ քննիչ Հակոբ Հակոբկոխյանն ազատվել է աշխատանքից։

Ավելի վաղ ArmLur.am–ը տեղեկացրել էր, որ աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվածները քննում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջև Սուրբ Աննա եկեղեցու բակում ծագած միջադեպի գործը։

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի ՀԿԳ քննիչ Հակոբ Հակոբկոխյանը խախտել է խուզարկության կատարման կարգը, թույլ է տվել ԶԼՄ ներկայացուցիչներին մուտք գործել խուզարկության վայր։

Բացի այդ, ըստ ՔԿ–ի, զանգվածային լրատվության միջոցով նախաքննության տվյալների անհարկի հրապարկում է տեղի ունեցել, խախտվել են համազգեստ կրելու կանոնները, որի հետևանքով Ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:

«Հակոբ Հակոբկոխյանը հրավիրվել է Ներքին անվտանգության վարչություն բացատրություն տալու համար, որից հետո դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիա