ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հստակ չգիտի, թե ինչու է Հայաստանը Վրաստանին խնդրել, որ գազի խողովակաշարը տեղափոխվի, բայց չի բացառում, որ նաև սահմանազատման հետ է կապված։ Նա այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ Sputnik Գրուզիան հայտնել էր, որ նշված խողովակաշարի 5,5 կիլոմետրանոց հատվածը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի։ Խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է վրաց–հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 90-ականներին:
Լրագրողներից մեկը նշեց` այս հաղորդագրությունը ենթադրությունների տեղիք է տվել, որ խողովակաշարի տեղափոխումը սահմանազատման համար է արվում, և հարցրեց` Հարությունյանը տեղյա՞կ է` ինչու է տեղափոխվում գազատարը։
«Ամենայն հավանականությամբ, նաև այդ պրոցեսների հետ է կապված։ Անկեղծ ասած, ես այդ թեմայի մեջ չեմ խորացել, մամուլից եմ տեղեկացել։ Շատ պարզ բացատրված է` որոշակի գոտիով է անցել այդ խողովակաշարը, ավելի անվտանգ գոտի է տեղափոխվում»,– պատասխանեց Հարությունյանը։
Նա նշեց, որ սահմանազատման գործընթացը կշարունակվի Տավուշի մարզում, սակայն դժվարացավ հիշել, թե կոնկրետ որ կոորդինատներում։
«Սահմանազատման գործընթացը որոշակի տրամաբանության մեջ է գործում. փոխվարչապետների միջև կան շփումներ։ Այս պահին հողի վրա գործընթաց չկա. ամեն մեկն ինչ–որ մի պահի հասնելու համար իր տնային աշխատանքն է անում»,– նշեց Հարությունյանը։
Sputnik Արմենիա
