Логотип

Ինչո՞ւ Խաչիկ գյուղում պատարագի ժամանակ չեն հնչել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունները

Վայոց Ձորի թեմի առաջնորդը Տ․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն է, իսկ թեմակալ առաջնորդն ազատ է մասնակցելու որևէ խորհրդակատարության, այդ թվում` պատարագի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով կիրակի Խաչիկ գյուղում Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի ներկայությանը պատարագին, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին` իսկ ինչո՞ւ սուրբ պատարագի ընթացքում չհիշատակվեցին կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները, ինչպես սովորաբար լինում է, տեր Եսային պատախանեց, որ դեռևս կպարզաբանեն։

«Պատարագիչ քահանայի կողմից բացատրություններ ստանալուց հետո Աբրահամ սրբազանը կկատարի անհարաժեշտ տնօրինումները և կներկայացնի հարկ եղած լուսաբանումները»,– նշեց տեր Եսային։

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը նոյեմբերի 16-ին կիրակնօրյա պատարագի հենց սկզբից անձամբ ներկա էր Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ուր ժամանել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Պատարագը մատուցել էր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, որը պատարագի ավարտին չէր հիշատակել կաթողիկոսի և առաջնորդի անունները։