Логотип

ԻՆՉՈ՞Ւ «ՀԶՈՐ ՈՒԺԵՐԸ» ՀԱՂԹԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ՊԱՐՏՎԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վրացական ընտրությունների գլխավոր դասը Հայաստանի համար

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

Եթե վերնագրում բարձրացված հարցի կարճ պատասխան է անհրաժեշտ, ապա այն այսպիսին է. «Հայաստանում 2018 թվականին ցանկանում էին իշխանությունը հանձնել «հզոր ուժերին», իսկ Վրաստանում չէին ցանկանում և չեն ցանկանում»։ Սակայն իրավիճակին հարկավոր է ավելի մանրամասն անդրադառնալ։

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ 64 համայնքներում։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) պաշտոնական տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ՝ ստանալով ձայների ավելի քան 80%-ը ողջ երկրում։ Մայրաքաղաք Թբիլիսիում «Վրացական երազանքից» գործող քաղաքապետ Կախա Կալաձեն վերընտրվեց՝ ստանալով ձայների ավելի քան 71%-ը։ Ընտրությունների օրը Թբիլիսիում բռնկվեցին իշխանության դեմ ուղղված բողոքի ակցիաներ, որոնք կազմակերպվել էին ընդդիմության կողմից։ Վերջինս ընտրությունները համարում է կեղծված և պահանջում կառավարության հրաժարականը։ Երեկոյան ցուցարարները շարժվեցին դեպի նախագահական պալատ, որտեղ տեղի ունեցավ այն գրոհելու փորձ. ցուցարարները ջարդեցին ցանկապատի մի մասը և մտան բակ։ Ուժային կառույցները պատասխանեցին կոշտ՝ կիրառելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և պղպեղային սփրեյ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կտրուկ արձագանքեց ակցիաներին և հայտարարեց, որ այդ ակցիաները Վրաստանում վերջին չորս տարվա ընթացքում ««Մայդան» կազմակերպելու հինգերորդ փորձն էին», իսկ դրանց նպատակը իշխանության բռնի տապալումն ու պետական հեղաշրջումն էր։

Ավելին, վարչապետը ուղղակի մեղադրանքներ հնչեցրեց Եվրոպական միության և նրա ներկայացուցչի հասցեին՝ հայտարարելով «Deep State-ի կողմից պատրաստված ծրագրի» տապալման մասին և քննադատելով ԵՄ դեսպանին անկարգությունների աջակցության և երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Եվրոպական միությունը անմիջապես և վճռականորեն մերժեց ու դատապարտեց վրացական իշխանությունների մեղադրանքները ընտրություններին միջամտելու, ինչպես նաև ԵՄ դեսպանի նկատմամբ անձնական հարձակումների վերաբերյալ։ Միաժամանակ, եվրադիվանագիտության ղեկավար Կ. Կալլասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հայտարարության մեջ ընդգծտցին, որ Վրաստանի ընտրություններն անցել են մի մթնոլորտում, որը նրանք բնութագրել են որպես ոչ մրցակցային և ոչ թափանցիկ։

Մոլդովայում ոչ մի խախտում չտեսած եվրոպացի պաշտոնյաները վրացական ընտրություններում տեսան թափանցիկության պակաս… Եվրոպացի պաշտոնյաները, ինչպես Մոլդովայում, այնպես էլ Վրաստանում, լուծել և լուծում են աշխարհաքաղաքական խնդիր՝ Ռուսաստանի շուրջ անկայունության գոտի ձևավորելու՝ երկրորդ ճակատ բացելու հույսով։ Հենց այդ պատճառով է, որ մի իրավիճակում Բրյուսելը տեսնում է խախտումներ (նույնիսկ եթե դրանք չկան), իսկ մյուս իրավիճակում «տառապում է հավկուրությամբ»։

Վրացական ընտրությունների (ինչպես նաև Մոլդովայի ընտրությունների) հետ կապված իրավիճակը ակտուալ է ՀՀ-ում Ազգային ժողովի սպասվող ընտրությունների համատեքստում, որոնց ընթացքում երկու առաջատար ընդդիմադիր դաշինքների՝ իրենց վառ արտահայտված առաջնորդներով (Ռոբերտ Քոչարյան և Սամվել Կարապետյան), կդիմակայի մի կոալիցիա, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիրը», Ադրբեջանը, Թուրքիան, «կեղծ ընդդիմությունը», ու այս ամենին կտրվի ԵՄ-ի աշխարհաքաղաքական և «արժեքային տանիք», որը պատրաստ կլինի արդարացնել ցանկացած կեղծիք։

Ընդդիմությունը, բացի տարածքաին գրասենյակներ բացելուց և նախընտրական ցուցակներ կազմելուց, պետք է նաև հստակ մշակի ԵՄ-ի և «քաղաքակիրթ աշխարհի» դիրքորոշմանն արձագանքելու ռազմավարություն։ Օրինակ՝ իրենք բերեն երկիր արտասահմանյան դիտորդներ (դիտորդներ ԱՊՀ-ից, ՇՀԿ-ից, Լատինական Ամերիկայից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայից) ընտրությունների մոնիթորինգի և քվեարկության մասին զեկույցներ կազմելու համար։

Նույն Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Թբիլիսիում անմիջապես հայտնվեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը շնորհավորեց Բիձինա Իվանիշվիլիի կուսակցությանը համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

Այս խաղը, «արտաքին լեգիտիմություն» անունով, կարելի է խաղալ երկուսով։

Մտածե՛ք այդ մասին․․․

Alpha News