Հայ-իրանական սահմանի «Նորդուզ» անցակետի ժամանակավոր փակման միակ պատճառը ինտերնետ կապի խափանումն է եղել։ Ներկայում մաքսատունն աշխատում է հաստիքային ռեժիմով, սակայն ռազմական գործողությունների շրջանում նման խնդիրները լիովին բացառել չի կարելի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
Ավելի վաղ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ Հայաստան-Իրան սահմանը մեկ օրով փակվել է տեխնիկական խնդիրների պատճառով։
Վարամինի խոսքով՝ դեռ պատերազմից առաջ ինտերնետ կապի հետ կապված որոշակի բարդություններ էին նկատվում։ Մասնավորապես, պարբերաբար անհասանելի էր լինում մաքսային ձևակերպումների կայքը, ինչը դժվարացնում էր գրանցումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալը։
Ռազմական գործողությունների ժամանակ նման խափանումները հնարավոր են, քանի որ ենթակառուցվածքները կարող են ենթարկվել հարձակման։ Ներկայում որևէ խնդիր չկա։ Միևնույն ժամանակ, ինտերնետի աշխատանքի ընդհատումները լիովին բացառել չի կարելի, դրանք հնարավոր են նաև հետագայում։
Վարամինը հավաստիացրել է, որ ո՛չ հիմա, ո՛չ էլ հունիսյան 12-օրյա պատերազմի ժամանակ մարդկանց ներհոսք կամ խուճապ չի նկատվել։ Հայաստան են ժամանում քաղաքացիներ, որոնք ծրագրել էին Իրանից մեկնել այլ երկրներ, սակայն չեղարկված ավիաչվերթերի ֆոնին ընտրում են Երևանով թռիչքի տարբերակը։
Նրա խոսքով՝ ոմանք փորձում են իրավիճակն այնպես ներկայացնել, թե իբր մարդիկ զանգվածաբար լքում են Իրանը, ինչն իրականությանը չի համապատասխանում։ Բոլոր կառույցները, ներառյալ մաքսային ծառայությունները, գործում են բնականոն ռեժիմով։
«Հայաստանի և Իրանի միջև սահմանը մնում է երկու ժողովուրդների ամուր կապի խորհրդանիշը։ Եթե արտաքին ուժերը չմիջամտեն և չխաթարեն այդ հարաբերությունները, համագործակցությունը կզարգանա նախկին հունով»,-հայտարարել է նա։
Նա նաև հավելել է, որ սահմանին որոշակի ակտիվությունը կարող է կապված լինել Իրանում զբոսաշրջային սեզոնի մոտենալու հետ. 16 օրից այնտեղ նշվելու է Ամանորը: Այդ շրջանում իրանցիներն ավանդաբար այցելում են Հայաստան։
Բացի այդ, Կապանի և Մեղրիի բնակիչները ինչպես նախորդ իրադարձությունների ժամանակ, այնպես էլ հիմա հայտարարում են, որ անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիների հոսքի հնարավոր ավելացման պարագայում, պատրաստակամ են կացարան տրամադրել։
