Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների ժամանակ է իրականացնում վերահսկողություն։ Ընտրությունների կազմակերպման, ազատ, անկախ և թափանցիկ լինելու համար պատասխանատու է ընտրածքային ընտրական հանձնաժողովը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Մինչև քարոզարշավը կուսակցություններն ու գործիչները ազատ են քարոզչություն կատարելու մեջ։ Բոլորի մոտ թյուրըմբռնում կա, որ քարոզչություն պետք է անել միայն քարոզչության մեկնարկի հետ միասին։ Թեկնածուները կարող են 5 տարի շարունակ քարոզչություն կատարել։ Քարոզչությունը ավարտվում է ընտրությունների ավարտման հաջորդ օրվանից։ Ընտրական օրենսգրքով միակ սահմանափակումը ֆինանսական հաշվետվությունը ցույց տալն է»,- ասել է ԿԸՀ նախագահը։
ԿԸՀ նախագահի խոսքով՝ ընտրությունների ընթացքում, եթե որևէ քաղաքական ուժ օրենքի խախտում թույլ կտա, հետևանքը անմիջապես վրա է հասնելու, օրինակ բերելով Գյումրու ընտրությունները, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել էր, որ պաստառները փակցնելու հետ խնդիր կար. «Քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերը հապաղում էին պաստառները փակցնել ըստ վիճակահանության։ Մոտ 5 օր հետո խնդիրը կարգավորվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջնորդությամբ, երբ ընտրատարածքային հանձնաժողովը չէր հասցնում լուծել հարցը։
Այն հարցին, թե ինչու ՔՊ-ն չի համակերպվում Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հետ, Վահագն Հովակիմյանն ասաց․ «Ընտրական համակարգը, ընտրություններից հետո քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացների հետ որևէ առընչություն չունի։ Քաղաքական գործիչները ազատ են իրենց արտահայտություններում»։
News.am