2025-2026 ուսումնական տարում 1-ին դասարանում գործածության մեջ դրված «Այբբենարան» գիրք-տետրերում ծավալուն տեքստերի տեղակայումը նպատակահարմար չէ։ Այսպես է Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը պատասխանել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` մեկնաբանելով վերջին օրերին քննարկման դարձած թեման։
Օրերս մանկավարժները, ծնողները սոցցանցերում մեծ աղմուկ էին բարձրացրել` նշելով, որ նոր այբբենարանում բացակայում է Մեսրոպ Մաշտոցի նկարը, չկա նաև հայոց գրերի գյուտի մասին տեղեկություն։ Քննադատությանն արձագանքեց գրքի հեղինակներից Աստղիկ Բալայանը` ընդունելով, որ Հայոց այբուբենը ստեղծողի նկարը պետք է լինի սովորողների առաջին դասագրքում, և ընդգծեց, որ այդ բացը կլրացվի այբբենարանի հաջորդ հրատարակությունում։
Պարզելու համար, թե ինչու այբբենարանում տեղ չեն գտել Մեսրոպ Մաշտոցի նկարը և հայոց գրերի գյուտի մասին տեղեկությունը, և արդյոք այդ հանգամանքը բավարար չէր, որպեսզի դասագիրքը բացասական եզրակացություն ստանար, գրավոր հարցում ուղարկեցինք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
Գերատեսությունից մեզ պատասխանել են, որ գրերի գյուտին և Մեսրոպ Մաշտոցին առաջին դասարանում անդրադառնալու վերաբերյալ մեթոդական ցուցումներ տրված են ուսուցիչների համար նախատեսված ուսումնաօժանդակ ձեռնարկում, որն ապահովում է ոչ միայն մեթոդական աջակցություն, այլև ներկայացնում է հիշատակված թեմաների դասավանդման հստակ մոտեցումներ։
ԿԳՄՍՆ–ն ընդգծել է, որ հանրակրթության պետական չափորոշչի «Լեզվական կրթություն» և «Հայրենագիտություն» բնագավառներում մի շարք դասարանների կրթական ծրագրերում «Գրերի գյուտ» և «Մեսրոպ Մաշտոց» թեմաների ներառումը ծրագրային առաջնահերթություն է, և դրանց ուսուցումն իրականացվում է շարունակաբար։
«Գրերի ստեղծման թեման, որը համարվում է հայ լեզվամշակութային ինքնության հիմնասյուն, պետք է դասավանդման բաղկացուցիչ մաս լինի ոչ միայն «Մայրենի», այլև «Հայաստանի պատմություն» առարկայի շրջանակում։ Այս մոտեցումը փաստացի արտահայտված է մի շարք առարկայական ծրագրերում, մասնավորապես 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի ծրագրում ներառված են լեզվամշակութային արժեքների և ինքնության վերաբերյալ թեմաներ, որոնց շարքում կարևոր դեր ունեն ազգային գրականությունն ու լեզվամտածողությունը։ 7-9-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկայի բովանդակության մեջ չափորոշչային պահանջներին համահունչ՝ ընդգրկված են հայոց գրերի գյուտին, Մեսրոպ Մաշտոցի կյանքին և գործունեությանը վերաբերող թեմաներ՝ որպես հայ ինքնության և պատմամշակութային արժեքների ձևավորման առանցքային փուլ»,– ասված է պատասխանում։
Ըստ ԿԳՄՍՆ–ի` 9-րդ և բարձր դասարանների «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկայական ծրագրերում առանձին կարևորությամբ են ընդգծվում այն թեմաները, որոնք ներկայացնում են հայ գրավոր մշակույթի հիմքը՝ ներառյալ հայոց գրերի ստեղծման և դրա գաղափարական ու մշակութային ժառանգությանն անդրադարձը։
«Չափորոշչի հիմնական գաղափարները՝ ազգային ինքնության, պատմամշակութային ժառանգության գնահատման և արժևորման վերաբերյալ, լիարժեքորեն արտացոլված են տարբեր առարկաների բովանդակության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ապահովելու համակարգային և շարունակական մոտեցում՝ ազգային ինքնագիտակցության ձևավորման գործում»,– նշել է գերատեսչությունը։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ առաջին դասարանցիների համար գրեթե պարտադիր կրթական ավանդույթ է դարձել այցելությունը Օշական՝ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, Տառերի պուրակ, Մատենադարան։ Բացի դրանից, դպրոցներում ամեն տարի տառուսուցման մեկնարկին կազմակերպվում են տառերի և Մեսրոպ Մաշտոցի մեծարման միջոցառումներ, որոնք ընդգծում են գրերի խորհրդանշական նշանակությունը ազգային ինքնության ձևավորման մեջ։
«Միաժամանակ այբբենարանում Մեսրոպ Մաշտոցը ներկայացվում է կերպարի բացահայտման այլ տարբերակով ևս՝ առաջին երեք տառերը սովորելուց հետո «է» տառի ուսուցման ընթացքում այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են նրա նկարները, լսում տառերի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին։ Այբուբենի բոլոր տառերն անցնելուց հետո սովորողները էջ 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգի միջոցով այբբենական կարգով դասավորում են տառերը՝ մինչ այդ լսելով Մեսրոպ Մաշտոցի և նրա ստեղծած այբուբենի մասին»,–նշված է գրավոր պտասխանում։
Ըստ նախարարության` այս ամենը ցույց է տալիս, որ «Գրերի գյուտ» և «Մեսրոպ Մաշտոց» թեմաները չեն դիտարկվում որպես սովորական տեղեկատվական բովանդակություն, այլ հանդիսանում են կրթության ռազմավարական բաղադրիչ՝ ազգային արժեհամակարգի ներածման և խորացման նպատակով։
Միաժամանակ ԿԳՄՍՆ–ն ընդունում է, որ նոր դասագրքերի ներդրումը համարվում է ուսուցիչների կողմից փորձարկման և կիրառման փուլ, հետևաբար արդյունքները և գործնական կիրառման ընթացքում հավաքագրված առաջարկները, դիտարկումներն ու արձանագրված դժվարությունները հիմք են ծրագրերի ու դասագրքերի հետագա բարելավման համար:
Նախարարությունն ընդգծել է, որ տառերի ուսուցման ժամաքանակի կրճատման վերաբերյալ մասնագետների պնդումը չի համապատասխանում իրականությանը: Ըստ գերատեսչության` իրականությանը չեն համապատասխանում նաև այն հայտարարությունները, թե այբուբենը և տառանունները նոր այբբենարանում բացակայում են։
ԿԳՄՍՆ–ն հայտնել է, որ դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթի արդյունքում ստեղծվել է երկու «Այբբենարան»: «Զանգակ» հրատարակչության կողմից ստեղծված դասագրքի 23-րդ և 104-րդ, իսկ «Մասնակցային դպրոց» ԿՀ կողմից ստեղծված դասագրքի 107-րդ էջերում զետեղված է ամբողջական այբուբենը: