Երևանի կենտրոնում գտնվող Թումանյանի թանգարանը 2023 թվականի սեպտեմբերից փակ է՝ ընթանում են վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ։ Կառավարությունն աշխատանքների համար 750 միլիոն դրամ է հատկացրել։ Նախագծով՝ վերակառուցվում է երկրորդ մասնաշենքը, ավելացվում հարկեր, իսկ բուն մասնաշենքում ընթանում են միայն վերանորոգման աշխատանքներ։ Արդեն քանի օր է համացանցում լուսանկարներ են հրապարակվում, որոնցից պարզ է դառնում՝ շենքը գրեթե ամբողջությամբ ավերված է, չունի տանիք, իսկ շինարարական աշխատանքները կանգնեցված են։
Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը Panorama.am-ի հետ զրուցում ասաց, որ այդ նկարները թանգարանի երկրորդ մասնաշենքից են, որը կառուցվել է 1968 թվականին։
«Թումանյանի տուն-թանգարանը՝ առջևի մասը, մոնումենտալ հատվածը, վերանորոգվում է, վերակառուցվում է երկրորդ մասնաշենքը»,- նշեց նա։
Նրա ներկայացմամբ, արդեն հաստատված նախագծով երկրորդ մասնաշենքի պատերից մեկը ոչ թե պետք է քանդվեր, այլ ամրակայվեր։
«Քանդման աշխատանքներում պարզվել է, որ այդ պատը ոչ թե պետք է ամրակայվի, այլ քանդվի։ Տեղի էր ունեցել սեյսմիկ սխալ։ Եթե նախագծում փոփոխություն է լինում, նոր նախագիծ է արվում, անցնում է բոլոր այն փորձաքննություններով, որոնք արվել էին առաջին նախագծի ընթացքում։ Սա ժամանակ է պահանջում։ Հիմա նախագիծը գտնվում է փորձաքննության վերջին փուլում։ Ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի կեսերին կամ նոյեմբերին աշխատանքներ կվերսկսվեն»,- մանրամասնեց թանգարանի տնօրենը՝ նշելով, որ սկսելուց հետո 1 տարի 6 ամսից աշխատանքները կավարտվեն։
Նա նշեց, որ եթե պատը չքանդվեր, աշխատանքները կշարունակվեին բնական հունով և, ինչպես նախատեսվեր էր, 2026 թվականի մարտին արդեն վերանորոգման, վերակառուցման աշխատանքներն ավարտված կլինեին։
Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը մտահոգություն է հայտնել մեծ բանատեղծի թանգարանի շենքի վիճակի հետ կապված։ Լ. Ղարախանյանն ասաց, որ կապի մեջ է Իրմա Սաֆրազբեկյանի հետ, սփոփել է, փորձել համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու։
«Մենք էլ ենք շատ մտահոգ, անհանգիստ, ուզում ենք շուտ ավարտվեն աշխատանքներն ու վերադառնանք, մեր հարազատ հարկի տակ շարունակենք մեր գործունեությունը»,- ասաց թանգարանի տնօրեն Լ. Ղարախանյանը։
Նշենք, որ այժմ Թումանյանի թանգարանը վերանորոգման աշխատանքներով պայմանավորված իր ժամանակավոր գործունեությունը ծավալում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում՝ Աբովյան 51/1 հասցեում։
