Ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի անկալվների կամ տարածքների փոփոխություն, այսօր Երևանում հայտարարեց Ադրբեջանի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը: Նա Երևանում է՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին:
Մասնավորապես հարցին, թե արդյոք որպես խաղաղության քայլ՝ պատրաստվո՞ւմ են ադրբեջանցիները դուրս գալ ՀՀ տարածքից, որ օկուպացրել են 2021-2022թթ., նա ասաց. «Ընդհանրուր առմամբ կարող ենք ասել, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են, և սահմանազատումը մի ուղղությամբ չէ, որ պետք է անցնի, այլ մասերով է իրականացվում: Եվ ժամանակի ընթացքում պետք է տեղի ունենա որոշակի ակնկալվների կամ տարածքների փոփոխություն»:
Armenia Today-ի հարցին, թե արդյոք 44-օրյա պատերազմից հետո փոխվե՞լ է հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը Բաքվում, և ի՞նչ տրանսֆորմացիայի է ենթարկվել «որպես թշնամի» ընկալումը, նա պատասխանեց, որ ամեն բան, որը դրականի է տանում, ժամանակ է պահանջում:
«Մենք վստահ ենք, որ ժողովուրդները, հասարակությունները դեմ են հակամարտությանը և պատրաստակամ են սկսել նորմալիցազման գործընթացը, և գոյակցումը Հայաստանի հետ շատ կարևոր է մեզ համար»:
Ադրբեջանի փորձագետը համաձայն չէ, որ իր երկրի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, սակայն հայտարարեց, որ ՀՀ սահմանադրությունն ունի տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ, և որ դա կարող է միակ խոչընդոտը լինել խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ ՀՀ սահմանադրությունը պիտի փոխվի, նա ուղիղ չպատասխանեց, միայն նշեց, որ դա ստեղծում է իրավական հիմքեր, որի «բարիեր է հանդիսանում խաղաղության պայմանագրի ստորագրմանը»:
Լրագրողների պնդմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է մշտապես խոսվում «Արևմտյան Ադրբեջանի» մասին, Մուրադովը հակադարձեց, թե դա հասարակական կազմակերպություն է մարդկանց, ովքեր ժամանակին ապրել են Հայաստանում, և ովքեր ցանկանում են վերադառնալ, այցելել մշակութային ժառանգությունը, որ այստեղ թողել են:
Հայ գերիների մասին նա մանրամասներ չհայտնեց՝ հիշեցնելով, որ գործը դեռ դատարանում է, միայն շեշտեց, որ նրանք որոշ արարքներ «Բաքվում գնահատվում են անօրինական»:
2024թ. նոյեմբերի 5-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդգծել էր հայ-ադրբեջանական սահմանի ողջ պարագծով սահմանազատման և սահմանազատման անհրաժեշտությունը և վստահեցրել, որ ադրբեջանական զինուժը, ելնելով սահմանազատման արդյունքներից, Հայաստանի օկուպացված տարածքներից հետ կքաշվի։
Հոկտեմբերի 30-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտնել էր, որ Ներքին Հանդի մի մասն Ադրբեջանն օկուպացրել է, կա վտանգ, որ կարող է այդ ուղղությամբ կրկին հարվածել։ Հոկտեմբերի 9-ին ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել էր, որ ՀՀ Սյունիքի մարզում և Ներքին Հանդ գյուղի մերձակայքում ադրբեջանցի զինվորականները հակահետևակային և հակատանկային ականներ են տեղադրել, Շիկահողի արգելոցի հազարավոր ծառեր են հատել և գյուղի բնակիչներին զրկել խմելու ջրից։