Логотип

Ինչպե՞ս է Լևոն Տեր-Պետրոսյանը պատկերացնում «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծումը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը կարծում է, որ Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապող ճանապարհի դեպքում ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը։ Նա այդ մասին ասել է ilur.am–ին։

Լրատվամիջոցը ՀՀ առաջին նախագահից հետաքրքրվել է, թե ինչպես է պատկերացնում «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծումը։

«Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից: Ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետությունների քաղաքական և տնտեսական նպատակադրումներին, ապա Հայաստանն, իմ համոզմամբ, ի վիճակի է միջազգային իրավունքի պահանջների համաձայն երաշխավորել նրանց անխափան գործունեությունը: Այդ հարցում Հայաստանը կամա թե ակամա ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը` հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների»,– ասել է Տեր Պետրոսյանը։

Նա նշել է, որ մեծ տերությունների միջև հակասությունները, որպես կանոն, ավելի հեշտությամբ են լուծվում, քան փոքր երկրների միջև, ինչը բացատրվում է մեծերի հասունության հանգամանքով։

Նա օրինակ է բերել Կարիբյան (1962թ.) և Դամանսկի (1969թ.) ճգնաժամերի հաղթահարումը, գերտերությունների մրցակցությանը զուգընթաց ժամանակ առ ժամանակ միմյանց միջև կնքված սպառազինությունների կրճատման համաձայնագրերը, պրոքսի պատերազմների պարագայում նրանց փոխհամաձայնեցված լուծումները։

Sputnik Արմենիա