Հայաստանը չի կարող ԱՄՆ-ում «Թրամփի ուղու» առնչությամբ «ծպտալ» վետոյի իրավունք ունենալու վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծին և այդ մասով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը։
Նշենք, որ TRIPP ընկերության բաժնեմասի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26%-ը՝ Հայաստանին։ Հունվարի 19-ին ճեպազրույցի ժամանակ Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց, որ կարևոր չէ՝ Հայաստանը քանի տոկոս մասնաբաժին ունի այդ ճանապարհին, կարևորն այն է, որ «Թրամփի ուղու» հարկերը վճարվելու են Հայաստանում։ Նա վստահեցրեց նաև, որ TRIPP-ում Հայաստանն ունի վետոյի իրավունք, և ոչ մի հարց չի կարող լուծվել առանց ՀՀ–ի համաձայնության։
«Սկզբում ասում են` 49 տարով է, հետո կավելացնեն ևս 50-ը։ Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ ԱՄՆ-ն հետագայում լիարժեք վերահսկողություն է ունենալու այդ ճանապարհի վրա։ Նայեք, թե ինչպես է ԱՄՆ-ն վարվում մյուս երկրների հետ։ Դրանից հետո ինչպե՞ս կարող է ինչ-որ «վետոյի» մասին ծպտալ Հայաստանը»,- նշեց Ռուստամյանը։
Դիտարկմանը, թե իշխանությունները նշում են, որ այդ 74%-ն ԱՄՆ-ինն է, քանի որ նրանք բավականաչափ ներդրում են անում, Ռուստամյանը պատասխանեց՝ հնարավոր չէ, որ սեփական երկրի տարածքով ճանապարհ անցնի ու գոնե 50%-ը քոնը չլինի։ Պատգամավորը տարակուսած է՝ ինչպես է բանակցությունը սկսվել, որ հասել են 26%-ի։
Արմեն Ռուստամյանը դժգոհություն հայտնեց իշխանությունների վարած քաղաքականությունից և շեշտեց՝ այսօր արդեն ՀՀ-ն որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք։
Sputnik Արմենիա
