Ժամը 16:00-ի դրությամբ մենք տրամադրել ենք 51 տեղեկանք՝ այսօրվա դրությամբ ձևավորված լրացուցիչ ընտրական ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբեր 16–ին, Վաղարշապատում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
«Այսինքն բոլոր նրանք, որոնք ունեն ընտրելու իրավունք և ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել նախապես ձևավորված ընտրական ցուցակներից, այս տեղեկանքի միջոցով ներգրավվում են լրացուցիչ ընտրական ցուցակներում։
Բացի դրանից, մենք ունենք ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներ նաև այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք, որոնք փաստաթղթի ժամկետը լրացած է։ Մասնավորապես, ՀՀ քաղաքացիների մասով մենք տրամադրել ենք 45 տեղեկանք։ Սա ինը ձևի տեղեկանք է կոչվում, երբ մենք տրամադրում ենք փոխարինող փաստաթուղթ, որով անձը մոտենում և իրացնում իր ընտրելու իրավունքը։
Բացի այդ, շատերը մոտենում են, և ասում, որ անակնկալի են եկել, որ իրենց տան հասցեում հայտնաբերել են այս կամ այն անուն-ազգանունով անձի, որը իրենց ծանոթ չէ, խնդրում են հեռացնել հաշվառումից կամ պարզաբանում են խնդրում։ Մենք այդ տեսակի խորհրդատվական ծառայություններ ենք մատուցել, նման 52 այց ենք սպասարկել, մինչև 10-ի հասնող այսպիսի այցելություններ էլ ունեցել ենք մեր այսօրվա շրջիկ գրասենյակում»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ մահացած մարդկանց անուններ կան ընտրացուցակներում, Նելլի Դավթյանն ասաց. «Մահացած անձի տվյալները դուրս են բերվում բնակչության պետական ռեգիստրից և համապատասխանաբար նաև ընտրողների ցուցակներից, երբ որ լիազոր պետական մարմինը ունենում է ինֆորմացիա, որ անձը մահացած է։ Սա բնականաբար ինչ-որ գործողություն է ենթադրում, որ այդ ինֆորմացիան փոխանցվի տվյալ դեպքում միգրացիա և քաղաքացիության ծառայություն։ Փոխանցվում է արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գրասենյակից։
Եթե այդ ինֆորմացիան ԶԱԳՍ-ը չի ունենում և մեզ չի փոխանցում, անձը դուրս չի բերվում ցուցակից։
Սա տեղի է ունենում այն դեպքերում, երբ մահը գրանցվում է Հայաստանի սահմաններից դուրս, հուղարկավորությունը կատարվում է սահմաններից դուրս կամ նույնիսկ անկախ այդ հանգամանքից, երբ Հայաստանում հարազատները ձեռք չեն բերում մահվան վկայական։ Այդ պարագայում անձը մնում է այնքան, մինչև ընտանիքի անդամները ժառանգության հարցերով են զբաղվում և այդ ինֆորմացիան հայտնի է դառնում լիազոր մարմնին։
Ես նշեմ, որ հենց այս նպատակով ՆԳ նախարարի հրամանով համայնքային ոստիկանները տևական ժամանակ մինչև ընտրությունները շրջում են հասցեներով նման դեպքերը բացահայտելու, համապատասխան արձանագրություններ կազմելու համար։ Բայց իհարկե 100% անոց արդյունք հնարավոր չի լինում ապահովել, որովհետև ձեռքով աշխատանք է, ավտոմատացված չէ։
Բացի դրանից, մենք ընտրությունների նշանակման օրվան նախորդող 40-րդ օրը հրապարակում ենք նախնական ցուցակները, այնուհետև որոշակի ժամանակահատված առաջ տվյալ պարագայում նոյեմբերի 9-ին կիրակի օրը հրապարակվել են վերջնական ցուցակները։ Այս իրազեկման ու հրապարակման աշխատանքների իմաստը հենց դա է՝ դուրս բերել անճշտությունները ցուցակներից»,– հայտարարեց Դավթյանը։
News.am
