Логотип

ԻՆՉՊԵՍ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՎ ԼԻԲԻԱՅՈՒՄ. ԷՐԴՈՂԱՆԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՄԲ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին մեղադրել է Պաղեստինում և Լիբանանում վայրագություններ իրականացնելու մեջ և սպառնացել հնարավոր ռազմական միջամտությամբ՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում Թուրքիայի նախկին գործողությունները, փոխանցում է Jerusalem Post-ը։

Ստամբուլում Ասիական քաղաքական կուսակցությունների համաժողովում ելույթ ունենալով՝ Էրդողանը մեղադրեց Իսրայելին Պաղեստինի և Լիբանանի դեմ վայրագությունների մեջ։ Նա հիշեցրեց, որ քաղաքացիական թիրախների վրա հարձակումները 1.2 միլիոն լիբանանցիների ստիպել են լքել իրենց տները՝ չնայած շարունակվող հրադադարին։

«Մենք պետք է ուժեղ լինենք, որպեսզի թույլ չտանք Իսրայելին նման բան անել Պաղեստինի հետ։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կանենք նաև նրանց հետ։ Չկա ոչինչ, որ մեզ կխանգարի դա անել», — հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Իսրայելի ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահուն խստորեն դատապարտել է Էրդողանի հայտարարությունները՝ նրան մեղադրելով կեղծավորության մեջ։ Նախարարը հիշեցրել է Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսի գրավումը, քրդերի նկատմամբ վերաբերմունքը և Հայոց ցեղասպանությունը։

Իսրայելցի պաշտոնյան կոչ է արել երկրի կառավարությանը վերջնականապես խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ։

Թուրքիան նշանակալի դեր է խաղացել 2020 թվականի աշնանը Արցախում տեղի ունեցած 44-օրյա պատերազմում՝ Ադրբեջանին տրամադրելով համապարփակ ռազմական, քաղաքական և տեղեկատվական աջակցություն։ Հակամարտության առաջին իսկ օրերից Անկարան հրապարակավ հայտարարել է Բաքվի հետ իր լիակատար համերաշխության մասին, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևողականորեն ընդգծել իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանին «բոլոր անհրաժեշտ միջոցներով»։

Անկարան Բաքվին ռազմական օգնություն է ցուցաբերել, որոնց թվում են՝ զենք և անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես՝ «Բայրաքթար» գրոհային անօդաչու թռչող սարքեր։ Ավելին, հաղորդվել է գործողությունների պլանավորման և համակարգման մեջ ներգրավված թուրք ռազմական մասնագետների և խորհրդատուների մասնակցության մասին։

Սիրիայից Ադրբեջան վարձկանների տեղակայման մասին հաղորդագրությունները հատուկ ուշադրություն են գրավել միջազգային օրակարգում: Այս մասին հայտնել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները, այդ թվում՝ Մարդու իրավունքների սիրիական դիտարանը, ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Անկարան և Բաքուն հերքել են նման մեղադրանքները։

Armenia Today