Логотип

ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՇՇՊՌԵՑ ԱԼԻԵՎԻՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՑ ԹՐԱՄՓԻ ՊԱՏԻՎԸ

Եվ դա տեղի ունեցավ ոչ այլուր, այլ Չինաստանում ընթացող ՇՀԿ գագաթնաժողովում: Աշխարհի բոլոր առաջնորդների ներկայությամբ: Վերջնականապես լկտիացած Ալիևը Չինաստանի Տյանցզին քաղաքում «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպման ժամանակ իր ելույթում «Զանգեզուրի միջանցք» անվանեց այն ճանապարհը, որն իրեն խոստացել է տրամադրել Փաշինյանը հայկական Սյունիքով։ Եվ կարծում էր, թե այդպիսի լկտիությունը կներվի իրեն:

ՉԷ ՄԻ ՉԷ, ՍԽԱԼ ԷՐ ՀԱՇՎԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ։ Նիկոլ Փաշինյանն անմիջապես, բոլորի ներկայությամբ շշպռեց նրան. սխալ բառապաշար ես դու, Ալիև, օգտագործում։ Այդպես առճակատ էլ ասաց իր ելույթում։ Այդ ճանապարհը, ասաց Փաշինյանը, ամենևին էլ «Զանգեզուրի միջանցք» չի կոչվում, դրա տակ մենք չենք ստորագրել։ Այդ ճանապարհը կոչվում է «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Ասել է թե՝ այ դու, Ալիև, ՄՀՄՊԻ-ն ես ավարտել, իսկ տերմինները ճիշտ կարդալ այդպես էլ չես սովորել։

Այսպիսով, Փաշինյանը ոչ միայն տեղը դրեց Ալիևի պորտը՝ ոճական ապտակներ հասցնելով նրան, այլև Թրամփի պատիվը պաշտպանեց։ Անշուշտ, ԱՄՆ առաջնորդը կգնահատի Փաշինյանի արիությունը…

Առհասարակ Փաշինյան-Հակոբյան զույգի այցը ՇՀԿ գագաթնաժողով հաղթական էր։ Բոլոր ձեռքբերումները թվարկելն անգամ դժվար է: Աննա Հակոբյանը գերազանցեց բոլոր ակնկալիքները։ Նա ոչ միայն հիացրեց բոլորին իր շլացուցիչ ճերմակ զգեստով: Նա ոչ միայն վճռականորեն իրականացրեց Էրդողանի և Ալիևի կանանց հետ լուսանկարվելու վաղեմի երազանքը։ Ավելին, չնայած լարված գրաֆիկին, Աննան ժամանակ գտավ գիրք կարդալու համար և պատմեց այդ մասին մնացյալ աշխարհին:

Դե, մինչ Աննան գիրք էր կարդում, Նիկոլը զրուցում էր գործընկերների հետ։ Էրդողանի հետ ասեց-խոսեց։ Թուրքիայի առաջնորդը դրվատեց նրան և պատգամեց շարունակել նույն ոգով։

Փաշինյանը հանդիպում ունեցավ նաև Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների հետ։ Միջոցառման տանտեր նախագահ Սիին Փաշինյանն ասաց, որ աջակցում է միասնական Չինաստանին՝ Թայվանով հանդերձ։ Իսկ Պուտինի հետ զրույցում անվանեց Հայաստանն ու Ռուսաստանը եղբայրական երկրներ, ինչը փոքր-ինչ զարմացրեց ռուսական մեդիափորձագիտական տարածքին։ Ոչ թե նրանով, որ մենք եղբայրական երկրներ ենք, այլ որ այդ մասին խոսում է Փաշինյանը։ Նույն ինքը, ով այնքան է սիրում բարբառել «հիբրիդային պատերազմի» մասին, որ Հայաստանի դեմ վարում է Ռուսաստանը։

Բայց եթե ռուսական մեդիափորձագիտական տարածքը պարզապես զարմացած էր, ապա Ալեն Սիմոնյանն ու իշխող վերնաշերտի մյուս ներկայացուցիչները Փաշինյանի այս խոսքերից ուղղակի ցնցված էին: Վալիդոլ էին խմում:

Թեև Փաշինյանի այդ խոսքերում զարմանալի ոչինչ չկար։ Չէ որ ընտրությունները սարերի հետևում չեն, արդեն քթի տակ են… Ուստի մենք արդեն ոչ միայն Ռուսաստանի հետ ենք եղբայրական երկրներ, այլև նույնիսկ Պակիստանի։ Վերջինիս հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին։ Քանզի Փաշինյանը հույս ուներ, թե այդ դեպքում Իսլամաբադը չի արգելափակի Հայաստանի անդամակցումը ՇՀԿ-ին։ Ինչպես որ ծրագրել էր Փաշինյանը, այնպես էլ ստացվեց, կրկին բոլորին վստահորեն հաղթեց, ինչպես Ստոկհոլմի արբիտրաժում։ Չէ որ, ինչպես պնդում են փաշինյանական լրատվամիջոցները, ի տարբերություն Հնդկաստանի, որը կտրականապես արգելափակել է Ադրբեջանի անդամակցումը ՇՀԿ-ին, Պակիստանը Հայաստանի հայտը բնավ չի արգելափակել։ Նա պարզապես կոռեկտ կերպով չի աջակցել դրան։