Логотип

Ինչքան գումար է ծախսվել «Վարչաբենդի» համերգի կազմակերպման համար, և ո՞վ է վճարել այն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա՝ ավելի քան 8,5 մլն դրամ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ օրաթերթը»։

Ինչպես հայտնւի է, Նիկոլ Փաշինյանի հիմնած «Վարչաբենդ» խմբի առաջին համերգը տեղի է ունեցել հունվարի 30-ին Afina by Palladium hall ռեստորանում։

ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը պարբերականին հայտնել է, որ «Վարչաբենդի» հունվարի 30-ին կայացած համերգային միջոցառման ողջ ծախսերը հոգացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

– Քաղաքական ուժից պաշտոնապես հայտնել են ծախսերն առանձին-առանձին․

– Տարածքի վարձակալություն՝ 2 500 000 դրամ

– Բրենդավորում, ձևավորում, ատրիբուտիկայի գնում՝ 4 900 100 դրամ

-Գործիքավորում, երաժիշտների և դիջեյի վարձատրություն՝ 1 119 000 դրամ

– Ընդհանուր՝ 8 519 940 դրամ։

Թերթը հայտնում է նաև, որ օրեր առաջ զանգել են նշված ռեստորան՝ փորձելով ճշտել, թե ինչ գներ են նրանց մոտ։

Ռեստորանի հնչեցրած թվերի հետ համեմատելիս նկատում ենք, որ ՔՊ կուսակցությունը կարծես թե բավականին համեստ թվեր է ներկայացրել կամ մեծ զեղչեր են արվել ՔՊ-ի համար։

«Մինչև 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27 հազար դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13,5 մլն դրամ։ Բացի այդ, սրահում երաժշտական գործիքների օգտագործման համար սահմանված է առանձին վճար՝ 600 հազար դրամ՝ անկախ նրանից, թե խումբը ով է ներկայացնում։ Սրահում առկա 18 հոգանոց երաժշտական խմբի ծառայության արժեքը կազմում է ևս 1 մլն դրամ, որի համար ևս վճարելը պարտադիր է։ Այսպիսով՝ միայն երաժշտական ապահովման համար անհրաժեշտ է շուրջ 1,6 մլն դրամ»,- գրում է պարբերականը։

Միասին ստացվում է 15,1 մլն դրամ կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, 10 տարեկան «Ախթամար» կոնյակ, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստ, նախուտեստներ։

Ստացվում է, որ կա՛մ «Վարչաբենդի» համար շատ լուրջ զեղչեր են արվել, կամ էլ Ալեքսանյանը ներկայացնում է թվերի մի մասը միայն։

Sputnik Արմենիա