Գործարար, բարերար Սամվել Կարապետյան գործով քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը խոստովանել է, որ տարբեր մարդկանց չեն հարցաքննում այն մտավախությամբ, թե ցուցմունքը կարող է հօգուտ Կարապետյանի լինել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պաշտպանական խմբի Արմեն Ֆերոյանը։
Նա շեշտեց՝ քննչական մարմինն օրենսդրորեն միայն մեղադրող մարմին չէ, այլև անձի անմեղությունը հիմնավորող ապացույցներ ձեռք բերող կառույց, սակայն դա չի արվում։
«Սա այն բացառիկ քրեական գործերից մեկն է, որի պաշտպանական կողմը դեռևս կարողացել է պաշտոնապես հասնել նրան ու հիմնավորել, ապացուցել, որ վարույթ իրականացնող մարմինը ձեռք է բերում բացառապես շինծու և մեղադրական թեքումով ապացույցներ։ Ու այն հարցադրմանը, թե այս կամ այն մարդուն ինչու չեք հարցաքննել, մեզ տրվող պատասխանը շատ ուղիղ է և դիպուկ` չենք հարցաքննել, որովհետև մտավախություն ունենք, որ էդ մարդը, հնարավոր է, հօգուտ ձեզ է ցուցմունք տալու։ Այդ հայտարարությունն արել է հենց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը»,- նշեց Ֆերոյանը։
Փաստաբանը շեշտեց` դա դուրս է վերջինիս լիազորությունների սահմանից, և նա նման կերպ քրեական գործ վարելու իրավասություն չունի։
Նա հավելեց` մեղմ ձևակերպմամբ` դա հակաօրինական է։ Բայց երբ այս ամենին զուգահեռ տեսնում են նաև ակնհայտ անարդար դատական ակտեր, դա խոսում է այն մասին, որ դատարանների նկատմամբ տեղի են ունենում անասելի ճնշումներ։
«Այդ անասելի մեծ ճնշումներին ամենաարագը տուրք տվեցին ՀՀ վճռաբեկ դատարանը՝ ի դեմս Հակակոռուպցիոն պալատի, և հիմա այդ դատական ակտը ստորագրած դատավորների կարգապահական պատասխանատվության հարցն ենք բարձրացրել։ Դիմել ենք էթիկայի հանձնաժողով և խնդրել ենք պարզել՝ էդ ո՞նց է լինում, որ մի շարք տարբեր գործերով վերջիններիս կողմից ամիսներ է տևում որոշման կայացումը, իսկ Սամվել Կարապետյանի գործով մի քանի օրվա մեջ շատ մեծ արագությամբ որոշում կայացրեցին, որ առկա է հիմնավոր կասկած»,- նշեց Ֆերոյանը՝ շեշտելով, որ այդ հիմնավոր կասկածի հերքմանը իրենք կարողացել էին հասնել մի քանի դատական ատյաններում։
Նրա խոսքով` սա հաստատում է ավելի վաղ իր ասած խոսքերը՝ նախաքննական մարմինը զբաղված է բացառապես մեղադրական ապացույցներ որոնելով։
Sputnik Արմենիա
