ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման են գնացել հենց այն հոգևորականները, որոնց մասին Փաշինյանն ամբիոնից բարձրաձայնում էր` քննադատելով Հայ առաքելական եկեղեցում տիրող բարքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
Ինչպես հայտինել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27–ին հայտարարեց, որ հանդիպում է ունեցել 8 հոգևորականի հետ։ Կառավարություն էին գնացել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:
«Եթե ես լինեի վեհափառ հայրապետը, իրենք երեկ երեկոյան կարգալույծ կհռչակվեին, և էս կիրակի 6 նոր եպիսկոպոսներ կօծեի, բայց փառք Տիրոջը` ես չեմ վեհափառը»,–ասաց տեր Վրթանեսը։
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը նշեց` այն փաստը, որ նրանք առանց վեհափառ հայրապետի գիտության հանդիպման են գնացել, արդեն իսկ ապօրինություն է. իրենք դրա իրավունքը չունեին։
«Այն բոլոր հայտարարությունները, որ վարչապետն անում էր ԱԺ ամբիոնից` թշնամանք ու ատելություն տարածելով, այն բոլոր կոմպրոմատները վատ եկեղեցականների մասին, հենց իր շուրջն էր հավաքել։ Ինչ–որ առումով այդ հանդիպումով վարչապետը մաքրեց եկեղեցին այն մարդկանցից, ովքեր իրենց կարգին համապատասխան չեն»,– ասաց քահանան։
Տեր Վրթանեսը կուզենար, որ վեհափառн արդար վճիռ կայացնի այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք տարբեր կոմպրոմատների, շանտաժի, ահաբեկման և սուտ խոստումների զոհ են դարձել։
Նա նշեց, որ եթե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի փոխարեն Մայր աթոռում լինի Փաշինյանի դրածոն, սփյուռքի թեմերը, ինչպես նաև ՀՀ քահանաների մեծ մասը չեն ենթարկվի նրա որոշումներին։ Քահանան պատահական չի համարում Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանների կալանավորումը։
«Իրենք մեր եկեղեցու նվիրյալներն են, ամուր պատվար էին իշխանությունների հակաեկեղեցական գործողություններին։ Եվ գիտենք, որ այս արշավն ուղղորդվում է Էրդողանի (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան. խմբ.), Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. խմբ.), Փաշազադեի (Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալլաշուքյուր Փաշազադե. խմբ.) կողմից։ Այս հակաեկեղեցական շարժման նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ պառակտելը»–ասաց տեր Վրթանեսը։
