ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը համարում է, որ ԱԺ ընտրություններից առաջ Եվրոպական միությունից խումբ ուղարկելը Հայաստանի ներքին գործերին միջամտել չէ: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասա, որ խոսքը բացառապես տեխնիկական, փորձագիտական և իրավական աջակցության մասին է:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները գրել էին, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ-ին խնդրել է ընտրություններից առաջ «հիբրիդային արագ արձագանքման» խումբ ուղարկել Հայաստան և փետրվարի 13-ին նամակ է ուղարկել Բրյուսել։ ԵՄ-ն նման փորձ արդեն ունի. անցյալ տարի մոտ 20–հոգանոց խումբ էր ուղարկել Քիշնև, որպեսզի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մոլդովայի իշխանություններին աջակցի իբր Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվությունը հայտնաբերելու և դրան հակազդելու գործում։
«Այդ աջակցությունը տեխնիկական է, փորձագիտական և իրավական: Այսինքն՝ մենք, հաշվի առնելով մեր ԵՄ գործընկերների փորձը, պատրաստ ենք այդ փորձը նրանցից վերցնել: ԵՄ-ն էլ պատրաստ է այդ փորձով կիսվել, և այդտեղ որևէ վատ, խնդրահարույց կամ բարդ բան ես չեմ տեսնում»,– ասաց պաշտոնյան։
Նա համամիտ չէ այն տեսակետին, որ ԵՄ-ի այս աջակցությունն ուղղված է ՌԴ-ի դեմ: Ըստ նրա՝ հիմնականում ԵՄ–ի ուղարկած խումբը հիմնականում կաջակցի ընտրությունները կազմակերպող Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:
«Կան օրենքին հակասող քարոզչության ձևեր, որոշակի նվիրատվություններ են իրականացում, որոնք արգելված են օրենքով։ Եթե մենք փորձագիտական աջակցություն ենք ստանում, որպեսզի կարողանանք այդ դրսևորումների դեմ պայքարել, դա մեր քաղաքացիների շահերից է բխում, որովհետև նրանց քվեն է երաշխավորված լինում: Հիմա այնքան են զարգացել տեխնոլոգիական գործիքներն ու միջոցները, որ կարելի է շատ այլ գործիքներով միջամտել և հակաիրավական գործունեություն իրականացնել, որ նույնիսկ մենք չնկատենք: Բայց կան մարդիկ, որոնք այդ փորձն ու գիտելիքն ունեն և պատրաստ են մեզ խորհուրդ տալ»,– ասաց Դադունցը:
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի մի շարք ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ ականազերծման աշխատանքների, ինչպես նաև «հիբրիդային հարձակումների դեմ պայքարի» աջակցության շրջանակում։
Sputnik Արմենիա
